Նավթն համաշխարհային շուկայում շեշտակի էժանացե է
Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը իջել է մինչեւ 31,5 դոլար, առաջին անգամ չորս տարվա մեջ։ Բացի այդ, Սաուդյան Արաբիայի պետական նավթային ընկերությունն այսօր հայտարարելու է, որ որոշ տեսակի հում նավթի գինը կտրուկ նվազեցնելու է։ Մասնավորապես, Saudi Aramco-ն ապրիլի մեկից Arab Light տեսակի նավթի մեկ բարելը Հյուսիս-Արեւմտյան Եվրոպայի համար նվազեցնելու է մինչեւ ութ դոլարի։ Ասիական շուկայի համար, ըստ Reuters լրատվական գործակալության, գինը կիջնի մինչեւ 6 դոլար, ԱՄՆ համար՝ 7 դոլար։ Սա ամենամեծ զեղչերն է, որ արվում է վերջին 20 տարիների ընթացքում։ Այս քայլը կարող է համաշխարհային նավթային շուկայում էական գնանկում արձանագրել։ Բացի այդ, Էր-Ռիյադը մտադիր է ավելացնել իր արդյունահանումը մինչեւ 12 միլիոն բարել ամսեկան, խթանելով, որպեսզի Եվրոպայի, Ասիայի եւ Ամերիկայի նավթավերամշակող ձեռնարկությունները գնեն հենց սաուդական նավթը։ Սա պատասխան է ՕՊԵԿ+-ի եւ Ռուսաստանի միջեւ գործարքի տապալման։ Saudi Aramco-ն ավանդաբար ամսեկան մեկ անգամ նավթավերամշակողներին հայտնում է այն գինը, որով վաճառելու է իր նավթը, եւ այն տատանվում է սովորաբար մի քանի ցենտից մինչեւ մի քանի դոլարը։ Սաուդական միապետությունը Վիեննայում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ առաջարկում էր նվազեցնել երկրորդ եռամսյակի համար արդյունահանումը, սակայն Ռուսաստանը միայն առաջարկեց, որպեսզի ֆիքսվի ներկայիս արդյունահանման ցուցանիշը նաեւ երկրորդ եռամսյակի համար։ Bloomberg-ը գրում է, որ սաուդական միապետությունն այս քայլով փորձում է հասնել առավելագույն ճնշման ռուսների հանդեպ, որպեսզի Մոսկվան վերադառնա բանակցությունների սեղան։ Էր-Ռիյադի այս մոտեցումը կարող է ազդել նաեւ շուկայի մյուս խաղացողների վրա։ Ինչպես պրակտիկան է ցույց տալիս, Պարսից ծովի նավթ արտադրողները սովորաբար հետեւում են Saudi Aramco-ի քաղաքականությանը։
