Արարատի մարզում թանգարան կկառուցվի
Զանգակատան հատվածը, միջպետական հատվածը վերանորոգվելու է, Արարատի մարզը Վայոց ձորին կապող հատվածում այլևս խնդիրներ չենք ունենա։ Այս մասին Արարատի մարզի 2020 թվականի ծրագրերը թեմայով հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ վերանորոգվելու են նաև հանրապետական նշանակության ճանապարհներ։
«Ընդհանուր այս տարի կառավարության կողմից տրամադրած 500 կիլոմետր ճանապարհահատվածի 27 կիլոմետրը բաժին է հասնում Արարատի մարզին։ Նաև 18 կիլոմետրանոց ճանապարհահատված է հիմնանորոգվելու և Արարատի մարզը կապվելու է Կոտայքի մարզին, այսինքն՝ զբոսաշրջիկները Գառնիից անմիջապես կարող են գալ Դվին՝ հնավայր տեսնելու»,- ասաց Սարգսյանը։Նա հայտնեց, որ այս պահին ընթանում են Խոր Վիրապ վանական համալիրի ավտոկայանատեղի և աստիճանավանդակի կառուցման աշխատանքները։
Սարգսյանը նշեց, որ Դվինում այս տարի թանգարան է կառուցվելու, որտեղ պատմամշակութային իրեր պետք է պահվեն։ Մարզպետը, սակայն, չգիտի՝ հստակ երբ կմեկնարկեն աշխատանքները, կարծում է՝ հարցի պատասխանը տուրիզմի կոմիտեի լիազորությունների շրջանակում է։
Մարզպետը տեղեկացրեց, որ այս տարի արդեն 112 սուբվենցիոն ծրագիր են ներկայացրել, բայց չգիտի՝ դրանցից քանիսը կհաստատվեն։
