Հարցեր կան, որ էլի խորացան վարչապետի հարցազրույցից հետո
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը, կարելի է ասել, վերջին շրջանում ներքաղաքական դաշտում եւ Ղարաբաղյան ճակատում առաջացած հարցերին պատասխանելուն էր միտված։ Պատասխանվեց թե ոչ՝ ցույց կտա ժամանակը եւ նաեւ կասեն փորձագետներն ու վերլուծաբանները։ Հասկանալի է, որ հարցազրույցի բովանդակությունն ամբողջովին ներքին լսարանին էր հասցեագրված եւ միտում ուներ բացատրել հասարակ քաղաքացիներին այն ամենը, ինչը անում է կառավարությունը։ Ընդհանուր առմամբ վարչապետ Փաշինյանը գոնե Ղարաբաղյան ճակատի հետ կապված եւ ՍԴ-ի մասով չկարողացավ փարատել եղած հարցերը։ Նախ, անհասկանալի կերպով մեղադրանք առաջադրվեց եվրոպական հեղինակավոր կառույցին, որի տակից դեռ դուրս գալ է պետք եւ ապա՝ ներմուծվեց պայմանական ասված Մյունխենյան սկզբունքները Ղարաբաղի հարցով, որը ավելի վտանգավոր է, քան Մադրիդյան սկզբունքներն էին եւ բացի այդ, դա արվեց միակողմանի կերպով, առանց մյուսների հետ համաձայնեցման։
