Սահմանադրության խմբակային բռնաբարությունը շարունակվում է

Ազգային ժողովում երեկ ողջ օրը խմբակային բռնաբարության սադոմազոխիստական տեսարան էր բեմադրվում, բռնաբարվողը պետության Մայր օրենքն էր, որին առանձնակի դաժանությամբ կտտանքների էին ենթարկում իմքայլական պատգամավորները՝ այն մեկնաբանելով այնպես, ինչպես իրենք են ուզում։ Իսկ նպատակը մեկն էր՝ «տուն ճանապարհել» երկրի թիվ մեկ թշնամի հռչակված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին։
Դժվար է ասել՝ այս պրոցեսից նրանք հաճույք ստանում էին, թե ոչ, բայց որ խիստ նյարդային էին եւ մի քիչ էլ շփոթված, ելույթներն էլ՝ երերուն՝ կառուցված ոչ թե իրավական հիմնավորումների, այլ զգացմունքների ու լալահառաչ տեքստերի վրա, պարզ էր ի սկզբանե։ Օրինակ, Քրիստինե Պողոսյանը ծանրակշիռ փաստարկ էր ներկայացնում․ «Ցանկացած մանկապարտեզի կողքով անցնեք, հարցնեք՝ ով է Հրայր Թովմասյանը, կասի՝ վատ մարդ»։ Նախկին ՀՀԿ-ական Սասուն Միքայելյանին էլ հանգիստ չի տալիս ԱԺ դահլիճի հոտը, նա արյան հոտ է առնում այդ դահլիճից, ուստի նախկինները՝ ի դեմս Հրայր Թովմասյանի, պետք է «խաղաղությամբ» հեռանան ու իրենց «թարախ արյունը չթափեն էս երկրի վրա»։ Թե ինչ էր ակնարկում «արյուն թափել» ասելով, կարելի է ենթադրել։ Իմքայլականները կարմիր թելի պես իրենց ելույթներում տարան գործող ՍԴ-ի ոչ լեգիտիմության միտքը, իսկ երբ Գեւորգ Պետրոսյանը հարցրեց, թե ինչու են այդ ոչ լեգիտիմ մարդկանց բարձր թոշակ առաջարկում՝ վաղաժամ հեռանալու դիմաց, Վահագն Հովակիմյանը մի հեղհեղուկ պատասխան տվեց՝ որպեսզի այդ մարդիկ գնան, ու մեր երազած ՍԴ-ն ունենանք։
ԱԺ արտահերթ նիստը սկսվելուն պես հետաձգվեց, ապա պարզվեց, որ Վահագն Հովակիմյանն օրակարգից հանել է իր հեղինակած աղմկահարույց փաթեթը, որոնցով առաջարկում էր սահմանադրական փոփոխությունների ժամանակ շրջանցել ՍԴ եզրակացությունը, ինչպես նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից վերցնել իր լիազորությունը եւ հանրաքվեի արդյունքում ընդունված նախագծի ստորագրման իրավունքը շնորհել ԱԺ նախագահին։ Փոխարենը՝ օրակարգ մտցվեց ոչ պակաս աղմկահարույց մեկ այլ նախագիծ՝ սահմանադրական փոփոխությունների մասին, որի առաջարկով հանդես էին եկել իմքայլական 37 պատգամավորներ։ Ի դեպ, եթե օրակարգից հանված նախագծերով դրվում էր ՍԴ լիազորությունները խլելու հարցը, ապա փոփոխությունների նախագծով գործ ունենք կամայական մեկնաբանության հետ։Դրանով առաջարկվում է չեղյալ համարել Սահմանադրության 213-րդ անցումային հոդվածը, որի արդյունքում կդադարեցվեն մինչեւ 2015 թ․ Սահմանադրությամբ ընտրված դատավորների լիազորությունները, ինչը նշանակում է, որ բացառությամբ Վահե Գրիգորյանի եւ Արման Դիլանյանի, մյուս յոթը հեռացվելու են։ Ինչպե՞ս է իշխանությունն իրականացնելու իր այդ ծրագիրը, եթե գործող օրենսդրությամբ թե՛ ԱԺ-ի կողմից, թե՛ հանրաքվեի դրվող փոփոխությունների նախագծին ՍԴ-ն նախապես պետք է եզրակացություն տա․ հենց այստեղ էլ իշխանական իրավաբանները հեծանիվ էին հայտնագործել։
Վահագն Հովակիմյանն ասաց, որ առաջին ընթերցումը կտապալեն, իսկ դրանից հետո, օգտվելով Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետից, որն ասում է՝ եթե Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի: Այսինքն, իշխանությունը մտադիր է իր, ինչպես Վահագն Հովակիմյանն ասաց, «քարանձավից» ընկալել Սահմանադրությունը եւ առանց ՍԴ կարծիքը լսելու, իրականացնել հանրաքվե։
Մինչդեռ, ինչպես խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները, այնպես էլ հեղինակավոր իրավաբաններն արդեն քանի օր է՝ լծված են իշխանավորներին բացատրելու, որ չունեն դրա իրավունքը, որ Սահմանադրության այլ հոդվածներ հստակ ասում են, որ, բոլոր դեպքերում, նախագիծը պետք է ստանա ՍԴ եզրակացությունը։
«Խնդրում եմ, որպեսզի դուք Սահմանադրությունն ընթերցելիս ճիշտ ընթերցեք։ 168-րդ հոդվածը նախատեսում է ՍԴ-ի լիազորությունները, այսինքն՝ լիազորություն ունենալը չի ենթադրում պարտադիրություն։ Դա պետք է Սահմանադրության տվյալ իրավակարգավորումը կարգավորող դրույթով լինի»,- երեկ մեր հարցին ի պատասխան էլ ասաց նախագծի հեղինակ Հովակիմյանը։ «Խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունելու այս փոփոխությունները եւ հարցը ներկայացնելու է հանրաքվեի»,- անընդհատ կրկնում էր նա։ Իշխանության ընդդիմախոս պատգամավոր Տարոն Սիմոնյանը բարեկամաբար խորհուրդ տվեց․ «Հարգելիներս, ձեր ցավը տանեմ, ախր, կարելի է, չէ՞, Սահմանադրության 202 հոդվածի երրորդ մասը կարդալ, հետո մի հատ էլ բացել, «ԱԺ կանոնակարգ» օրենքը կարդալ՝ հասկանալու համար, որ առաջին ընթերցման տապալումից հետո դուք չեք կարող հանրաքվեի դնել այս հարցը: Գրված է՝ առաջին ընթերցմամբ դուք պետք է հաստատեք, դրանից հետո գնա Սահմանադրական դատարան, դրական եզրակացությունից հետո երկրորդ ընթերցման ժամանակ բացասական քվեարկեք, դրա արդյունքում նոր կարող եք հանրաքվեի հարց բարձրացնել: Միթե կարելի է այդքան մակերեսային նայել: Եթե մասնավոր ոլորտում լինեի, այսքան խորհրդատվության համար կհարստանայի, բայց ձեզանից ոչ մի լավ բան չեմ ստանում, միայն բացասական ժպիտներ»։ Տարոն Սիմոնյանը դրանից առաջ էլ շեշտեց, որ Սահմանադրության անցումային դրույթը փոխել հնարավոր չէ, այն արդեն իսկ կատարել է իր գործառույթը եւ սպառել իրեն։
Պատգամավորն ասաց նաեւ՝ երբ ՍԴ անդամների վաղաժամ կենսաթոշակի ինստիտուտը ներդրվեց, Վենետիկի հանձնաժողովը հստակ ասաց՝ չպետք է հնարավորություն տրվի, որ առաջանա այնպիսի իրավիճակ, որ դատավորների մեծ մասը դուրս գա աշխատանքից, որովհետեւ հակասահմանադրական վիճակ կառաջանա: «Ձեր այս նախագիծը միանգամից հակասահմանադրական վիճակ է ենթադրում, որ միանգամից 7 դատավոր դուրս գա: Այո, դուք Սահմանադրության փոփոխություն եք կատարում, բայց Սահմանադրությունում կան դրույթներ, որոնք անփոխարինելի են, բխում են մեր պետականության հիմքերից ու անձի բնական իրավունքներից: Չի կարելի անձի բնական իրավունքները ոտնահարել»։ Բայց քանի որ արտահերթ նիստը կայացավ կանոնակարգ օրենքի խախտմամբ, ինչի մասին բարձրաձայնեցին ընդդիմադիրները՝ մասնավորեցնելով, որ նախագիծը չի քննարկվել գլխադասային հանձնաժողովում, իսկ Արարատ Միրզոյանն էլ անխռով ծանրակշիռ փաստարկ ներկայացրեց, թե չեն հասցրել, կասկած չկա, ապա ոչինչ չի խանգարում՝ խախտել գործող մեկ այլ օրենսդրություն եւ առանց ՍԴ եզրակացության նախագիծը դնել հանրաքվեի։
Որ իշխանության համար սա կենաց-մահու հարց է, պարզ դարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից, ով շտապել էր ԱԺ եւ հայտարարեց, որ ՍԴ-ում առկա իրավիճակն ուղղակի սպառնալիք է ժողովրդավարությանը, եւ որ նախկինների՝ «այդ շնաբարո դուրսպրծուկների» հույսը ՍԴ-ի ու Հրայր Թովմասյանի վրա է։ «Ինչո՞ւ են իրենք քմծիծաղով նայում իրենց դեմ հարուցված քրեական գործերին, դատավարություններին, որովհետեւ նրանք սպասում են, որ, ահա, շուտով իրենց ՍԴ-ն իրենց բոլոր կոռուպցիոներներին կազատի պատասխանատվությունից, եւ շնագայլերի իրենց ոհմակը կհարձակվի ժողովրդի լավատեսությունը ծծելուն։ Բայց մենք դա թույլ չենք տա, նրանց կպարտադրենք այլ գործողություն»,- ասաց վարչապետը՝ նկատի ունենալով հանրաքվե նշանակելու մասին ԱԺ նախաձեռնությունը։ Իսկ վերջում բաց տեքստով հայտարարեց, որ ՍԴ-ն չի ներկայացնում ժողովրդին, այն ներկայացնում է Սերժ Սարգսյանի կոռումպացված իշխանությանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )