Երբ տեղի կունենա հանրաքվեն
«
Մենք որևէ ընթացակարգի հետ կապված քննարկումներ չենք ունեցել, քննարկումը եղել է զուտ օրենսդրական տարբեր խնդիրների վերաբերյալ։ Տարբեր օրենքներում առկա են խնդիրներ, ես նշեցի, թե ԿԸՀ-ն ինչ օրենսդրական ակտերով է աշխատում, այդ օրենքներում նկատված առանձին ինստիտուտների հետ կապված` ներկայացվել են որոշակի մոտեցումներ, դիրքորոշումներ և այլն, սա է եղել քննարկումը»,- այսօր ԱԺ-ում լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, որն ԱԺ-ում մասնակցել է քննարկումների․
«Մեր քննարկման շրջանակը եղել է շատ լայն, եղել է տարբեր օրենսդրական ակտերի վերաբերյալ, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ հանրաքվեին, ապա հանրաքվեի նշանակվելուց հետո, երբ կսկսվեն ԿԸՀ գործառույթները, մենք` որպես Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ինչպես միշտ, այնպես էլ այդ ժամանակ, լիարժեք ծավալով կիրականացնենք մեր գործառույթները։ Եթե ծանոթանաք այսօր գործող «Հանրաքվեի մասին» օրենքին, ապա այնտեղ ժամկետները, որոնք ամրագրված են, ըստ էության, այդ ժամկետները մի քիչ ավելին են, քան արտահերթ ընտրությունների համար նախատեսված ժամկետներն են։ ԿԸՀ-ն 2018 թվականին, երբ կազմակերպել էր արտահերթ ընտրություններ՝ գործելով շատ ավելի կարճ ժամկետներում, կարծում եմ, դա ամբողջական այս հարցի պատասխանն է։ Այն ժամկետները, որոնք որ ամրագրված են գործընթացի համար, բնական է` եթե մեկնարկել է գործընթաց, ԿԸՀ-ն տարածքային գործընթացները որպես ուղենիշ ունեցել է այդ ժամկետները, և այդ ժամկետներում պետք է կազմակերպեն գործընթացը»։Հարցին, թե ճշտվա՞ծ է՝ ի՞նչ ձևակերպումով է շրջանառության մեջ դրվելու քվեաթերթիկը, Մուկուչյանը պատասխանեց․
«Մենք այս պահին նման որևէ դատողություն անել չենք կարող, որովհետև դրանք գործընթացներ են, որոնք հետևում են մեկը մյուսին։ Նշանակվում է հանրաքվե, որից հետո սկսվում են առանձին կազմակերպական գործընթացներ, զուգահեռաբար իրականացվում է քարոզչության գործընթաց, և այդ ընթացքում արդեն հստակ է լինում, թե ինչ հարցի շուրջ է կազմակերպվում հանրաքվեն, հետո նոր արդեն հաստատված կարգով հաստատվում է քվեաթերթիկի նմուշը։ Այս փուլում, երբ ԿԸՀ-ի համար որևէ մեկնարկ տրված չէ, ապա այդ խնդիրների վերաբերյալ դատողություններ չենք կարող անել»։
Կա՞ մի կետ, որն այս պահի դրությամբ խանգարում է անցկացնել հանրաքվե:
«Ես այստեղ եմ եկել ավելի լայն հարցերի շրջանակ քննարկելու համար, որովհետև մեր կիրառության ենթակա օրենսդրական ակտերի շրջանակն ավելի լայն է, քան միայն հանրաքվեի մասին օրենքը։ Նկատառումները ներկայացվել են, և ըստ այդմ` ԿԸՀ-ն իր իրավական դիրքորոշումը կձևավորի»։
«Ես ընդամենը կարող եմ նշել, որ օրենքով ամրագրված է իրավական դրույթ, որով սահմանված է ժամկետի սկիզբ և ժամկետի ավարտ՝ 50-65 օր։ Իսկ թե որ օրը կնշանակվի, դա նշանակվում է ՀՀ նախագահի կողմից, դա ԿԸՀ գործառույթ չէ»։
