Ինչո՞ւ Արմեն Սարգսյանը չի ստորագրել ԱԺ-ի ընդունած օրենքները
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ԱԺ-ի ընդունած երկու օրենք է մերժել, չի ստորագրել և ուղարկել է Սահմանադրական դատարան։ Նախագահի այս «ընդդիմացումն» ԱԺ-ի ընդունած օրենքներին հատկապես ուշագրավ է երեկվա զարգացումների ֆոնին, երբ խորհրդարանը քիչ էր մնում վերջնականապես «կտրեր» հանրապետության նախագահի «ձեռ ու ոտը»՝ զրկելով նրան անգամ այն մի «խղճուկ», բայց շատ կարևոր՝ օրենքներ ստորագրելու լիազորությունից։ Բայց վերջին պահին, ըստ տեղեկության, նաև Փաշինյան-Սարգսյան հանդիպման ժամանակ հայտնած անհամաձայնությունից հետո ԱԺ-ն երեկ հետ վերցրեց նախագահի լիազորությունները ոչնչացնող հակասահմանադրական նախագիծը, և Արմեն Սարգսյանն ազատվեց ինքն իր «վախճանը» ստորագրելու կամ այն ՍԴ ուղարկելու անհարմար երկընտրանքից։ Փոխարենը նա երեկ ՍԴ ուղարկեց 2020թ. հունվարի 22-ին ԱԺ կողմից ընդունված և հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները, որոնք, ինչպես հայտնեցին երեկ նախագահականից, Արմեն Սարգսյանն առերևույթ խնդրահարույց է համարել սահմանադրականության տեսանկյունից:
Ուստի հանրապետության նախագահը չի ստորագրել այդ օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ դրանց Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:
Մենք դիմեցինք ՀՀ նախագահի աշխատակազմ՝ խնդրելով մեկնաբանել, թե հատկապես որ հարցում է Արմեն Սարգսյանը վերոնշյալ օրենքներում խնդրահարույց կետեր հայտնաբերել, որ որոշել է դրանք վիճարկել Սահմանադրական դատարանում։ Նշենք, որ հատկապես «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի մասով բազմաթիվ իրավաբաններ իրենց մտահոգություններն են հայտնել, որ դա վտանգավոր օրենք է և կարող է վնաս հասցնել գործարար միջավայրին։
Ի պատասխան մեր հարցմանը՝ նախագահի աշխատակազմից պատասխանել են․ «Նման որոշումներ ընդունելիս նախագահն առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով: Հանրապետության նախագահի հետ իրենց հանդիպումների ընթացքում բանկային համակարգի, իրավաբանական հանրության, գործարար շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում նաև՝ հայկական և օտարերկրյա ներդրողներ, վերոնշյալ օրենքի վերաբերյալ արտահայտել են իրենց մտահոգությունը, ինչպես նաև բարձրացրել մի շարք հարցեր: Մասնավորապես նշվել է, որ այդ օրենքները կարող են բացասական ազդեցություն ունենալ գործարար միջավայրի և ներդրումային մթնոլորտի վրա, անվստահություն առաջացնել բանկային համակարգի նկատմամբ, հանգեցնել օտարերկրյա ներդրումների նվազեցմանը, դրամական միջոցների արտահոսքին և խոչընդոտել երկրի տնտեսական զարգացմանը»։
Նշենք, որ Արմեն Սարգսյանն այժմ կանգնած է մեկ այլ՝ շատ ավելի կարևոր փորձության առջև։ Նա պետք է եռօրյա ժամկետում ստորագրի երեկ խորհրդարանի իշխող մեծամասնության կողմից «ԱԺ կանոնակարգ» օրենքի և Սահմանադրության մի շարք հոդվածների կոպիտ ոտնահարմամբ ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ հարցը։ Հետաքրքիր է՝ Արմեն Սարգսյանն այս հարցը և՞ս կուղարկի Սահմանադրական դատարան, թե՞ անվերապահ կստորագրի՝ մաս կազմելով Սահմանադրության ոտնահարման հերթական գործընթացին։
