Ոչ ոք ՀՀ քաղաքացուն չի՛ կարող հռչակել հակապետական ուժ

ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների օրենքի քվեարկությունից հետո ունեցած իր ելույթում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ակնհայտ է, որ չի կարող նախագիծն այս ձևով գնալ հանրաքվեի, որովհետև արդեն իսկ հիմա, ըստ կանոնակարգ-օրենքի, պատգամավոր Տարոն Սիմոնյանը ներկայացրեց, թե մերժումից հետո ինչ է լինում:

« Այսինքն ՝ այս ընթացակարգը սխալ եք տանում, բայց քանի որ բազմաթիվ ընթացակարգեր արդեն խախտված են, և դա էական չէ, խնդիրը դրված է, և խնդիրը ներկայացվեց այնպես, ինչպես ներկայացվեց, ես ուղղակի երկու բան եմ ուզում արձագանքել»,- ասաց նա:

«Վարչապետի ելույթի մի ամբողջական հատված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մեծ նամակից էր, որտեղ նկարագրում է՝ ինչպես է ՍԴ-ում ձևավորվել Հրայր Թովմասյանի նախագահությունը, մի հատվածը հայտնի քրեական գործից է, որը հարուցված է ԱԺ նախկին նախագահի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի նկատմամբ:

Բայց ինձ մոտ հարց առաջացավ: Եթե դատավորներ կան, որոնք որ նշանակված են Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, կամ հետո այլ նախագահների կողմից, ուրեմն նրանք չպիտի պաշտոնավարեն: Կարծում եմ, սա սխալ տրամաբանություն է, որովհետև այն մարմինները, որոնք պետք է, ըստ Սահմանադրության՝ լինեն անկախ մարմիններ, նրանք պետք է ունենան տարբեր ժամկետներով պաշտոնավարող դատավորներ, տարբեր իշխանությունների կողմից նշանակված»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ տարակուսելով, թե ինչու այս տրամաբանությունը չի տարածվում նաև 3 նախկին տարբեր իշխանությունների կողմից նշանակված ընդհանուր իրավասության դատարանների վրա, ենթադրենք:
Էդմոն Մարուքյանին վտանգավոր է թվում վարչապետի այն մոտեցումը, որով սպառնում է խորհրդարանական այն ուժերին, որոնք կարող են իրավական ճանապարհով վիճարկել այսօրվա որոշումները:
«Դուք, պարոն վարչապետ, ասում եք՝ այն ուժերը, որոնք իրավական ճանապարհով կամ այլ կերպ այնպես կանեն, որ հանրաքվեն չլինի, նրանք կհայտարարվեն հակապետական ուժեր: Եվ երկրորդը՝ ասում եք՝ այն ուժերը, որոնք կաջակցեն այս պրոցեսին, նրանք կհամարվեն ազգի նվիրյալներ: Այսինքն՝ Դո՞ւք եք որոշում՝ ովքեր են հակապետական ուժերը և ովքեր՝ ազգի նվիրյալնե՞րը: Սա՞ է Ձեր երազած ժողովրդավարությունը»,- վարչապետին դիմեց ԱԺ պատգամավորը:

Նա հարց ուղղեց վարչապետին՝ իսկ ի՞նչ կլինի, եթե այդ ուժերը դիմեն գործողությունների:
«Ի՞նչ պետք է անեն: Պիտի գան, հարձակվեն մեզ վրա, վառե՞ն մեր մեքենաները, ի՞նչ պետք է անեք Դուք»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
ԱԺ պատգամավորը վստահ է, որ սա ճիշտ ճանապարհ չէ, և այս մոտեցումները մեզ վատ տեղ են տանելու:
«Ես ուզում եմ ասել, որ իրապես շատ մտահոգված եմ Ձեր ելույթով: Այն մոտեցումները, որոնք այստեղ հռչակվեցին Ձեր կողմից, մեզ լավ տեղ չեն տանելու: Կարող էինք համարել էմոցիոնալ ելույթ, բայց Դուք Ձեր տեղում նստած՝ գլխով եք անում, այսինքն՝ հենց այդպես էլ լինում է: Ես էլ ասում եմ, որ ոչ ոք ՀՀ քաղաքացուն, կապույտ անձնագրով մարդուն չի կարող հռչակել ազգի հակապետական ուժ: Ոչ ոք: Ուզում է՝ 90 տոկոս ձայն ստանաք: Մի մարդ էլ համաձայն չլինի. Պատրաստ եմ կանգնել այդ մարդու կողքը, ու մենք կկանգնենք: Ու ոչ ոք չփորձի այստեղ պոլիտբյուրո սարքել: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ կքվեարկի հանրաքվեի մասին որոշման նախագծին և իր ապագա գործողությունները կքննարկի տարածքային ստորաբաժանումների հետ, և այնպես, ինչպես կորոշեն ՀՀ ոչ պակաս հպարտ քաղաքացիները, ովքեր համաձայն չեն ինչ-որ քայլերի հետ, այնպես էլ կուսակցությունը կվարվի, և ոչ ոք չի կարող այստեղ մեզ փորձել անեծքներով շանտաժի ենթարկել»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )