Եվրամիությունը դեսպանություն է բացել Լոնդոնում
Ինչպես եւ կարելի էր սպասել, այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան լքեց ԵՄ-ն, Բրյուսելը բացեց դիվանագիտական ներկայացուցչություն Լոնդոնում։ Այս մասին հայտարարել է Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԵՄ բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։ Դիվանագիտական ներկայացուցչությունը կղեկավարի պորտուգալացի դիվանագետ Ժուան Վալե դե Ալմեյդան։ Դիվանագիտական առաքելությունն իր գործունեությունը կսկսի արդեն այսօրվանից։ Բացի իր ընթացիկ գործառույթներից, դիվանագիտական ներկայացուցչությունը կհետեւի նաեւ Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ «Բրեքսիտի» համաձայնագրի կատարման ընթացքը։ Այն նաեւ կհետեւի ԵՄ քաղաքացիների իրավունքների պահպանմանը Միացյալ Թագավորությունում։ Հիշեցնենք, որ երեկվանից Մեծ Բրիտանիան լքել է Եվրոպական Միությունը։
