ԱԺ-ում մի նորմալ իրավաբան չկա՞
Նախօրեին խորհրդարանի կայքում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ ԱԺ նախագահը որոշում է ընդունել փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին: Օրակարգում ՍԴ ներկայիս կազմից ազատվելու մասին հերթական նախաձեռնությունն է, որին մենք երեկվա համարում անդրադարձել էինք։
Սակայն երեկ արտահերթ նիստ հրավիրելու մասին տեղեկատվությունը հանվել էր ԱԺ կայքից։ Բանն այն է, որ ԱԺ մեծամասնությունը, «թքած ունենալով» «ԱԺ կանոնակարգ» օրենքի վրա, արտահերթ նիստը հրավիրել էր կանոնակարգ-օրենքի խախտումներով։ Արտահերթ նիստ հնարավոր է հրավիրել միայն ԱԺ խորհրդի հաստատմամբ, մինչդեռ իշխանությունն այնքան է շտապում ՍԴ ներկայիս կազմն ապօրինի հեռացնելու հարցում, որ ստորագրությունները հավաքելուն պես պաշտոնական կայքում «ավետել» է արտահերթի մասին։ Ի դեպ, համաձայն հաղորդագրության՝ ԱԺ նախագահը որոշում էր ընդունել արտահերթ քննարկման դրված նախագիծը քննարկել միաժամանակ առաջին եւ երկրորդ ընթերցումներով, ինչի իրավունքը նույնպես չունի: Կանոնակարգ-օրենքը սահմանում է, որ նախագիծը միաժամանակ առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար անհրաժեշտ է պատգամավորների կամ խմբակցության հիմնավորված միջնորդությունը, որը եւս պետք է հաստատվի ԱԺ խորհրդի նիստում: ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլի Մինասյանը լուրն ԱԺ կայքից հանելու վերաբերյալ երեկ մեզ ասաց, թե շուտով պարզաբանումներ կտրվեն այդ մասին։
Դիտարկմանը, թե արդյոք կանոնակարգ-օրենքը խախտելու հանգամանքո՞վ է պայմանավորված, զարմանալիորեն հերքեց․ «Հաստատ՝ ոչ»։ Ի վերջո, փետրվարի 6-ին արտահերթ հրավիրվելո՞ւ է, թե՞ փոշմանել են։ «Շուտով կլինի պարզաբանում»: Երեկոյան արդեն եղավ ԱԺ նախագահի կարգադրությունը, որով չեղարկել էր արտահերթ նիստ հրավիրելու ապօրինի որոշումը եւ հանձնարարել եռօրյա ժամկետում այդ որոշումը համապատասխանեցնել օրենքին։ Սա էլ արդեն որերորդ անգամ խորհրդարանն ապացուցում է, որ հանրային փողերից սնվող այդ ահռելի կառույցում չկա մի գրագետ իրավաբան։
