Չի հիմնավորվել, որ Արթուր Թորոսյանը գնացել է <<Էրեբունի պլազա>>աշխատավարձի ետեւից
«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած ու պատանդ վերցրած Արթուր Թորոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցեց վերջինիս պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։
Թորոսյանը ցուցմունքներ տալուց չի հրաժարվել, թե ինչ է հայտնել նախաքննության մարմնին՝ պաշտպանության կողմը չասաց՝ մատնանշելով նախաքննական գաղտնիքը․ «Ցուցմունքների հետ կապված նախաքննության գաղտնիք ա՝ իր շահերից ելնելով այս պահին նպատակահարմար չենք գտնում։ Ձեռնպահ կմնանք ցուցմուքները հրապարակելու գործընթացից։ Խափանման միջոց կալանքը արդեն բողոքարկվել է, դեռեւս նիստ չի նշանակվել»։
Հարցին՝ ճի՞շտ են այն խոսակցությունները, որ գնացել է պլազա՝ աշխատավարձ պահանջելու, ասաց․ «Նման հանգամանք գործով չի հիմնավորվել»։Վարույթն իրականացնող մարմինը Թորոսյանի նկատմամբ նշանակել է դատահոգեբանական, հոգեբուժական ստացիոնար փորձաքննություն․ «Արդեն իսկ նշանակվել ա։ Եզրակացությունը գուցե մեկ ամսից ավելի տեւի։ Նման հանգամանքներ չկան, որ ունեցել է նախկինում հոգեկան առողջության շեղումներ։ Որոշակի հանգամանքներից ելնելով է նշանակել, որոնք ճշտման ենթակա են»։
Մյուս հարցին՝ գործով այլ մարդիկ հարցաքննվե՞լ են, տվեց դրական պատասխան՝ չասելով հարցաքննվածների անունները։
Նշենք՝ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հունվարի 23-ին կրակոցներ էին հնչել։ Ոստիկանությունը 14։40 ահազանգ էր ստացել, որ շենքում զինված անձ կա։ Կրակոցներ արձակածին վնասազերծել էին ժամը 16։00–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կրակողն Արտաշատի բնակիչ, 32-ամյա Արթուր Թորոսյանն է։ Նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասով` ուրիշի գույքը դիտավորյալ վնասելու և 218-րդ հոդվածի 2–րդ մասով` պատանդ վերցնելը։
Հիշեցնենք նաեւ, որ Արթուր Թորոսյանի հետ զենքը վայր դնելու բանակցություններ էր վարել անձամբ ՀՀ ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը։ Բանակցություններից հետո տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել էր ոստիկանություն։ Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկային։
