Խայտառակ լինելու նուրբ արվեստը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ անկեղծ եւ ուղիղ տեքստով խոստովանեց՝ Արփինե Հովհաննիսյանի հայտը մեժել են քաղաքական որոշման արդյունքում։ Արփինեն, հիշեցնենք, որպես իրավաբան-գիտնական՝ դիմել էր նախարարությանը, որ ընդգրկվի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում։
Բայց նախարարությունը, ինչպես նշեց երեկ նախարար Բադասյանը, նպատակահարմար չի գտել Հովհաննիսյանի թեկնածությունը հաստատել, քանի որ վերջինս ժամանակին մասնակցել է 2015 թ․ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքներին, իսկ դա դրական հանգամանք չէ նոր իշխանությունների համար։
Կարճ ասած՝ Արփինե Հովհաննիսյանը նախկիններից է, ընդդիմադիր է, քննադատում է իրենց, դրա համար էլ մերժել են։ Այ քեզ բան։
«Այո, սա քաղաքական որոշում է, իսկ ի՞նչ կա էդտեղ զարմանալու»,-երեկ մեր հարցից զարմացավ Ռուստամ Բադասյանը, ում պատասխաններից մենք այլեւս չենք զարմանում։ Չենք զարմանում, որովհետեւ Բադասյանը, զբաղեցնելով հեղափոխական կառավարության ամենակարեւոր պոստերից մեկը, որպես «մարտիկ»՝ իր ամեն մի հայտարարությամբ եւ կայացրած քաղաքական որոշումներով ավելի է ամրապնդում այն միտքը, որ 2018 թ․ ապրիլյան հեղափոխությունը տեղի է ունեցել Ջորջ Օրուելի «Անասնաֆերմայի» մոտիվներով։ Եվ Բադասյանն ու իր պես քայլած կամ նստած մյուս մարտնչող հեղափոխականները «Անասնաֆերմայի» Զռանի նման ամեն օր սրբագրում են մի նոր պատվիրան՝ ժողովրդին «շատ համոզիչ» կերպով բացատրելով, որ մենք, իրականում, լավ չէինք հիշում այս կամ այն պատվիրանը։ Պատկերացնել կարելի է, թե ինչ աղմուկ կբարձրացնեին այն ժամանակվա ընդդիմադիրները, եթե 2015-ին մերժեին ընդդիմադիր որեւէ գործչի հայտը եւ այսպիսի պատասխան տային։
Բայց ամեն ինչ այսքանով չավարտվեց։ Ռուստամ Բադասյանին հիշեցրին, որ նա ժամանակին 2015-ի Սահմանադրության վերաբերյալ կարծիք էր հայտնել, թե «խայտառակություն» է այդ Սահմանադրությունը։ Հիշեցրինք ու մեր հարցադրումներով «ստիպեցինք», որ նա սկսի սիրել այդ «խայտառակ Սահմանադրությունը», որի հեղինակներից է, ի դեպ, Հրայր Թովմասյանը, մի բան էլ շնորհակալություն հայտնել ՀՀԿ-ականների ընդունած փաստաթղթին, որի շնորհիվ ինքը հիմա նախարար է եւ քաղաքական որոշումներ է կայացնում։
«Մենք իշխանության ենք, որովհետեւ ստացել ենք ՀՀ քաղաքացիների քվեն, եւ առաջնային մանդատ ունեցող ԱԺ պատգամավորները ձեւավորել են իրենց կառավարությունը, վարչապետ են ընտրել, եւ վարչապետը կառավարությունում ամեն մեկիս վստահել է տարբեր պատասխանատվության չափով պաշտոն։ Ցանկացած Սահմանադրության պարագայում նախատեսվելու է ընտրություն, եթե մենք բռնապետություն չենք, եւ ցանկացած Սահմանադրությամբ քաղաքացին իր քվեն վստահելու է այս կամ այն իշխանությանը, եւ մենք իշխանության ենք ՀՀ քաղաքացիների քվեի շնորհիվ»,- ասաց Բադասյանը՝ մոռանալով, թե ինչից սկսվեց հեղափոխությունը, ինչը դրդեց դրա կուլմինացիային։
– Պարզապես Ձեր ասած այդ «խայտառակ Սահմանադրությունը» նպաստեց, որ հեղափոխություն եղավ, եւ դուք էլ եկաք իշխանության։
– Ես չգիտեմ՝ Դուք ինչու եք այդպես կարծում, եւ ինչով է հիմնավորվում Ձեր կարծիքը։
– Որովհետեւ քննադատությունը սահմանադրական փոփոխությունների մասով էր նաեւ, կառավարման մոդելի փոփոխության, ինչպես նաեւ այդ Սահմանադրության շնորհիվ Սերժ Սարգսյանի՝ չորրորդ ժամկետով պաշտոնավարման։ Դա առիթ հանդիսացավ, որ ժողովուրդը դուրս եկավ փողոց։
– Այո․․․
– Այսինքն՝ հիմա փոխանակ շնորհակալություն հայտնեք այդ «խայտառակ Սահմանադրությանը», քննադատում եք։
– Լավ, շնորհակալություն։
– Դուք հիմա փոփոխություններ եք անում այդ «խայտառակ Սահմանադրության» մեջ միայն դատաիրավական բլոկում, մինչդեռ սուպերվարչապետական համակարգից ձերբազատվելու եւ կառավարման մոդելի փոփոխության մտադրություն չունեք։
– Ոչ, էդպես չի, մենք դատաիրավական ռազմավարության ուղղությունները նշել ենք, կարող եք տեսնել, դատական համակարգի փոփոխությունը, այո, առանցքայիններից է, բայց միակը չի։ Մենք նաեւ անդրադառնալու ենք կայուն մեծամասնության դրույթի ապահովմանը, եւ հիմա արդեն կարծիքներ են հնչում, որ այդ դրույթը պետք չի փոխել, որովհետեւ երկրում որոշակի կայունություն է ապահովում։ Մենք էդ բոլոր կարծիքները հաշվի կառնենք։
– Այսինքն՝ հարմարվե՞լ եք այս մոդելին։
– Մենք հարմարվելու խնդիր չունենք։ Դուք մի հատ նայեք՝ քաղաքական իշխանությունը, որ այսօր կա, ինչ է ասել սահմանադրական փոփոխությունների հետ կապված եւ որ դրույթն է քննադատել, որ դրույթը չի քննադատել։ Եթե Դուք կտեսնեք, որ որեւէ դրույթ շատ հստակ քննադատվել է, որ սա անընդունելի է մեր երկրի, մեր պետության համար, եւ հիմա մենք դրան չենք անդրադառնա, մենք Ձեզ պարզաբանումներ կներկայացնենք։
– Բայց Նիկոլ Փաշինյանը 2015-ի սահմանադրական փոփոխությունները համարել էր կեղծ օրակարգ եւ որեւէ գնահատական չէր հնչեցրել այդ փաստաթղթի որեւէ դրույթի վերաբերյալ։ Հիմա Դուք ինչի՞ց ելնելով եք որոշում, որ դա խայտառակություն է։
– Ես իմ գնահատականն ասացի, կարծում եմ՝ նաեւ պարոն Փաշինյանի ելույթներն ուշադիր վերլուծելու եւ կրկին վեր հանելու խնդիր կա, թե ինքն ինչ նկատի ուներ, երբ որ ասում էր «կեղծ օրակարգ»։ Եվ ես հիշում եմ, որ ինքն ասում էր՝ կեղծ օրակարգ է, որովհետեւ, երբ որ գա արդեն փաստացի իշխանությունը հանձնելու պահը, կամ ոտքի վրա կանգնած քաղաքական ուժ կլինի, որը դա կկանխարգելի, կամ չի լինի նման քաղաքական ուժ․․․
– Պարոն Բադասյան, ինչո՞ւ կառավարությունը չի նախատեսում կառավարման մոդելի փոփոխություն, Դուք գո՞հ եք գործող խորհրդարանական կառավարման մոդելից։
– Վարչապետն ասել է, թե ինչով է վատ կիսանախագահական կառավարման համակարգը, եւ վարչապետի ասածը ես ընդունել եմ ի գիտություն։ Ընդամենը այդքանը։
– Փաստորեն, այս «խայտառակ Սահմանադրությամբ» դրական փոփոխություն են արել՝ այդ «վատ» կիսանախագահական մոդելից անցում են կատարել առնվազն ոչ վատ, եթե չասենք՝ լավ խորհրդարանական կառավարման համակարգի։
– Դե, որ մասով է լավ ստացվել, որ մասով է վատ ստացվել, կարծում եմ՝ բազմիցս ես արտահայտել եմ իմ դիրքորոշումը։
– Այսինքն՝ այդքան էլ խայտառակ չէ։
– Չէ, խայտառակ է նրա համար, որ այդ փոփոխությունը հարմար վերարտադրության փոփոխություն էր նախատեսում Սերժ Սարգսյանի համար։
– Բայց դուք հիմա շատ հարմար տեղավորվել եք այդ փոփոխության, այդ «կոստյումի» մեջ։
– Մենք որեւէ կերպ որեւէ տեղ հարմար չենք տեղավորվել, եւ այդ «կոստյումի» մասով, երբ որ Դուք կներկայացնեք կոնկրետ փաստեր, թե էդ «կոստյումի» որ մասն է քննադատվել կամ որ մասը չի քննադատվել, կամ որը համարենք հարմար «կոստյում», որը՝ ոչ հարմար «կոստյում», մենք կանդրադառնանք դրան։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )