Միլան-Երևան չվերթի ժամանակ մոտ չորս տասնյակ մարդ չի կարողացել օդանավ մուտք գործել, քանի որ հաշվառող մեկ պատուհան է աշխատել․ Passenger.am ներկայացուցիչ Գուրգեն Ղազարյան
Այսօր Ֆեյսբուքյան ուղիղ եթերում չվերթների ժամանակ իրավախախտում արձանագրվող միջադեպերի փոխհատուցում ստանալու քայլեր ձեռնարկող Passenger.am ներկայացուցիչ Գուրգեն Ղազարյանը ներկայացրեց Միլան-Երևան չվերթի ընթացքում առաջացած խնդիրները։
Ավելի վաղ պարզ էր դարձել, որ ըստ Միլանի օդակայանում գտնվող Passenger.am-ի ներկայացուցչի և ուղևորների՝ 28.01.2020թ. Ryanair-ը Միլան-Երևան չվերթի մի քանի տասնյակ ուղևորների մերժել է նստեցնել ինքնաթիռ, քանի որ գրանցման հարցում խնդիրներ են առաջացել։ Ներկայացուցիչը հստակեցրել էր, որ խնդրի պատճառը չվերթը ոչ պատշաճ կազմակերպելն է եղել։
Գուրգեն Ղազարյանը ներկայացրեց, որ առաջացած խնդրիների ժամանակ նա ևս Միլան-Երևան չվերթի ուղևոր է եղել, նրա խոսքով՝ մեկնումը պետք է տեղի ունենար Իտալիայի ժամանակով ժամը 6-ին, իսկ հաշվառմանը մոտ 100-ից ավելի մարդ սպասել են ընդամենը մեկ պատուհանի առաջ․ «Այսինքն՝ 100-ից ավելի մարդու մեկ պատուհան է սպասարկել, սա խոսում է անկազմակերպ լինելու մասին: Ֆիզիկապես հնարավոր չէ, որ մեկ պատուհանը կարողանա սպասարկել 100-ից ավելի ուղևորի։ Արդեն երևում էր, որ այս թռիչքը դատապարտված էր լուրջ խնդիրների. այդպես էլ եղավ»։
Նա ներկայացրեց, որ իրեն հաջողվել է օդանավ մուտ գործել, որտեղ պարզ է դարձել, որ մոտ չորս տասնյակ ուղևոր չեն կարողացել մտնել օդանավ, նույնիսկ նրանք, ովքեր չվերթից մոտ չորս ժամ առաջ օդանավակայանում են եղել, ստիպված են եղել երկու ժամ էլ սպասել հաշվառմանը։
«Արդյունքում, այս իրավիճակն ունենք, երբ մեր քաղաքացիների մի մասն այլ ավիաընկերությունների միջոցով Հայաստան տեղափոխվեցին, որոշները դեռ չեն էլ տեղափոխվել։ Խնդիրը միայն այս թռիչքի մասին չէ, մենք գիտակցում ենք, որ սա նոր ընկերություն է, սակայն նման խնդիրները պետք է ունենան հիմնարար լուծումներ»,- ասաց նա և հավելեց, որ Հայաստանում սպասարկման որակը բարձր էր, սակայն այստեղ ծրագրային խնդիրներ կային, օրինակ՝ ծրագիրը ցույց չի տվել ուղեբեռի առկայությունը։
Ryanair-ը պարզաբանել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի ծրագիրը հին է և չի համապատասխանում Ryanair-ի գործող ծրագրին։ Գուրգեն Ղազարյանի խոսքով՝ Ryanair-ի տարբեր չվերթներից բազմաթիվ բողոք-նամակներ ունեն։ Օրինակ՝ ուղևորը տոմս և նստատեղ է գնել, սակայն նրան ասել են, որ նստատեղ չի գնվել և հավելյալ 50 եվրո է անհրաժեշտ։ «Այս խնդիրները եղել են և կլինեն, եթե մենք լուծման եղանակներ չմտածենք»։
