Ոստիկանության մայորի մայրը ձերբակալվել է թմրանյութ վաճառելու կասկածանքով․ նա Վարդենիս ԲԿ-ի ավագ բուժքույր է. «Իշխանություն»

Ոստիկանության մայորի մայրը ձերբակալվել է թմրանյութ վաճառելու կասկածանքով․ նա Վարդենիս ԲԿ-ի ավագ բուժքույր է. «Իշխանություն»

 

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ թմրանյութ վաճառելու կասկածանքով Վարդենիսի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայից ձերբակալվել է ավագ բուժքույր Ա․ Հակոբյանը։ Նա այս պահին գտնվում է ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրում։

 

Մեր տեղեկություններով՝ ձերբակալված բուժքրոջ ընտանիքի անդամներն ու ազգականները պետական համակարգի աշխատակիցներ են։

 

Մի որդին՝ Ա․ Հակոբյանը, Վարդենիսի համայնքային ոստիկանության մայոր է, մյուս որդին Վարդենիսի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կարգադրիչ է։ Ա․ Հակոբյանի ամուսինը Վարդենիսի ոստիկանապետն է եղել, ձերբակալված բուժքրոջ եղբոր կին Է․ Պետրոսյանը Վարդենիսի Միասնական սոցիալական ծառայության տնօրենն է։

 

ՆԳՆ-ից «Իշխանություն» լրատվականի տեղեկությունը հաստատեցին։ «Դեպքը բացահայտվել է Քրեական ոստիկանության ծառայողների կողմից, իսկ անձը ձերբակալվել է բուժհաստատությունից մորֆին վաճառելու կասկածանքով»,-ասաց Նարեկ Սարգսյանը։

 

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն էլ հայտնեց, որ հայտնաբերված նյութի՝ թմրամիջոց հանդիսանալու հանգամանքը պարզելու նպատակով նշանակվել է փորձաքննություն։ «Փորձաքննության արդյունքներով կլուծվի քրեական հետապնդում հարուցելու հարցը»,-ասաց նա։

 

Լիա Սարգսյան

Share This