Փաստաբան Անուշ Շահրամանյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշելու մասին.
Խայտառակություն՝ խայտառակության հետևից, ու բռնել՝ սա սենց բաց ճակատով հրապարակել են, լա՞վ եք. փաստաբան Անուշ Շահրամանյան
Արցախցիների նոր կենսաչափական անձնագրերում «ծննդյան վայր» դաշտում «Ադրբեջան» նշելը Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պարզաբանում է միջազգային տեխնիկական ստանդարտներով (ICAO 9303 և ISO 3166)՝ պնդելով, որ դա անհրաժեշտ է սահմանային անցման խնդիրներից խուսափելու համար:
Սակայն իրավական և մարդու իրավունքների տեսանկյունից սա պարզապես տեխնիկական հարց չէ։ Իրավապաշտպան հարթությունում նման գործելակերպը կարող է որակվել մի քանի լուրջ հիմքերով.
🔹 Խտրականություն ծագման և ծննդավայրի հիմքով . Բռնի տեղահանված անձանց պարտադրել իրենց փաստաթղթերում կրել այն պետության անվանումը, որի կողմից նրանք ենթարկվել են էթնիկ զտման, առերեւույթ խտրական վերաբերմունքի եւ հետապնդման դրսևորում է:
🔹 Ինքնության և անձնական կյանքի իրավունքի խախտում. Անձի ծննդավայրը նրա ինքնության անբաժանելի մասն է: Փաստացի և պատմական իրողությունը փոխարինելով «Ադրբեջան» նշումով՝ պետությունը կոպտորեն միջամտում է մարդու ինքնության իրավունքին:
🔹 Արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք. Ադրբեջանական ագրեսիայից տուժած մարդկանց ստիպել իրենց ծննդավայրը նշել «Ադրբեջան»՝ նրանց պատճառում է խորը հոգեբանական և բարոյական տառապանք, ինչը նվաստացնում է մարդկային արժանապատվությունը:
🔹 Հետապնդման և իրավական անորոշության ռիսկեր. Թեև գործողությունը կատարվում է վարչարարության շրջանակում, այն փաստացի լեգիտիմացնում է բռնի տեղահանման հետևանքները և ստեղծում լրացուցիչ անվտանգային ու իրավական ռիսկեր արցախցիների համար (օրինակ՝ երրորդ երկրներում նրանց կարող են նույնացնել Ադրբեջանի քաղաքացիների հետ):
Ժողովուրդ ջան սրա դեմ պետք է համակարգված ճնշում գործադրել ու ընդվզել, սա բացահայտ ծաղր է։
