Դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանից 400 քմ հողատարածքը պետությանը վերադարձնելու Դատախազության հայցը
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գյումրիի համայնքապետ (լիազորությունները կասեցված) Վարդան Ղուկասյանի և նրա կնոջ՝ Նոնա Ղուկասյանի սեփականության իրավունքով գրանցված 400 քմ հողատարածքը պետությանը վերադարձնելու վերաբերյալ Գլխավոր դատախազության հայցը։ Դատավոր Լիլի Դրմեյանը որոշել է, որ դատախազությունը բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը։ Գործը (ՀԿԴ/0103/02/26) վերաբերում է Գյումրիի նախկին զինվորական սովխոզի տարածքում գտնվող 400 քմ մակերեսով հողամասին, որը 2006 թվականի սեպտեմբերի 25-ին կազմակերպված աճուրդի արդյունքում ձեռք է բերել այն ժամանակ Գյումրիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Վարդան Ղուկասյանը։ Դատախազության պնդմամբ՝ հողատարածքը, Գյումրիի գլխավոր հատակագծի համաձայն, ընդհանուր օգտագործման կանաչ տարածք՝ զբոսայգի է, որը չէր կարող մասնավորեցվել կամ օտարվել ֆիզիկական անձի։ Ըստ գործի նյութերի՝ Ղուկասյանը մասնակցել է հողատարածքի աճուրդին և հաղթող ճանաչվել։ Դրանից հետո՝ 2006 թվականի հոկտեմբերի 10-ին, քաղաքապետի, այսինքն՝ հենց իր որոշմամբ, հողատարածքը հանձնվել է իրեն։ Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվել է Վարդան և Նոնա Ղուկասյանների անուններով։ Դատախազությունը պնդել է, որ հողամասի օտարումը հակասել է Հողային օրենսգրքի պահանջներին։ 2026 թվականի ապրիլի 30-ին ներկայացված հայցով պահանջել է անվավեր ճանաչել աճուրդը, քաղաքապետի որոշումը, առուվաճառքի պայմանագիրը և սեփականության իրավունքի գրանցումները, ինչպես նաև հողատարածքը վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը։ Դատական գործի նյութերից պարզ է դառնում նաև, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ դեռևս 2021 թվականին հարուցված քրեական հետապնդման շրջանակում քննության առարկա է դարձել նույն հողատարածքի օտարումը։ Մասնավորապես, 2022 թվականի դեկտեմբերի 19-ի՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշման համաձայն, Ղուկասյանը, տեղեկացված լինելով, որ հողամասը պատկանում է մասնավորեցման ոչ ենթակա տարածքների շարքին, մասնակցել է աճուրդին և ձեռք բերել այն։ Ըստ մեղադրանքի՝ հետագայում նա օրինականացրել է նաև հողամասում կառուցված ինքնակամ շինությունները։ Քրեական վարույթի նյութերում նշվում է, որ հողամասի կադաստրային արժեքը կազմել է 324 հազար դրամ։ Նույն գործով Ղուկասյանին մեղադրանքներ են առաջադրվել նաև պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և այլ ենթադրյալ հանցագործությունների դրվագներով։
Հակակոռուպցիոն դատարանում Ղուկասյանի ներկայացուցիչը միջնորդել է կիրառել հայցային վաղեմություն՝ հիմնավորելով, որ դատախազությունը հողատարածքի օտարման ենթադրյալ խախտումների մասին տեղեկացված է եղել դեռևս 2021 թվականին, սակայն դատարան է դիմել միայն 2026 թվականին։ Դատախազությունը հակադարձել է՝ նշելով, որ նախկինում փորձել է վիճարկել գործարքը վարչական դատավարության կարգով։ Բացի այդ, դատախազության ներկայացուցիչը պնդել է, որ համայնքային շահերի պաշտպանության լիազորությունների և դատական պրակտիկայի փոփոխությունները պետք է հաշվի առնվեն հայցային վաղեմության ժամկետը հաշվարկելիս։ Դատարանը, սակայն, չի ընդունել այս հիմնավորումները։ Վճռում նշվում է, որ դատախազությունը վիճարկվող գործարքի հնարավոր անվավերության հիմքերի մասին տեղեկացված է եղել դեռևս 2021 թվականին, իսկ առնվազն 2022 թվականի դեկտեմբերի 19-ին արդեն ունեցել է բավարար տեղեկություններ և ապացույցներ։ Դատարանը նաև արձանագրել է, որ նույնիսկ նախկին դատական գործընթացները հաշվի առնելու դեպքում դատախազությունը պարտավոր էր նոր հայց ներկայացնել առնվազն 2025 թվականի հունվարի 26-ից մեկ տարվա ընթացքում, սակայն դա չի արել։
Դատարանը դատախազության վարքագիծը գնահատել է որպես անգործություն՝ «անբարեխիղճ պասիվ վարքագիծ»։ Արդյունքում դատարանը որոշել է, որ հայցը ներկայացվել է օրենքով սահմանված մեկամյա ժամկետի խախտմամբ, և այն ենթակա է մերժման։ Դատարանը չի անդրադարձել հողատարածքի օտարման օրինականությանը և չի որոշել՝ արդյոք այն ապօրինի է մասնավորեցվել։ Հայցը մերժվել է բացառապես հայցային վաղեմության ժամկետը բաց թողնելու հիմքով։ Միաժամանակ, դատարանը որոշել է մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը պահպանել հողատարածքի նկատմամբ կիրառված ապահովման միջոցը, որով Վարդան Ղուկասյանին արգելված է գույքի սեփականատիրոջ փոփոխության կամ դրա փաստացի վիճակի վատթարացման հանգեցնող գործողություններ կատարել։ Վճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել և կարող է բողոքարկվել Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան։
