Իրինա Մկրտչյանը ներողություն է խնդրել երաժշտական դպրոցի սաներից և ծնողներից՝ իր անձնական տեսանյութի հրապարակման պատճառով

Իրինա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված հայտարարությամբ ներողություն է խնդրել երաժշտական դպրոցի սաներից և նրանց ծնողներից՝ իր անձնական կյանքին վերաբերող տեսանյութի տարածման և ստեղծված իրավիճակի համար։

Նրա խոսքով՝ տեսանյութը նկարահանվել է շուրջ 8-9 տարի առաջ՝ ամուսնության ընթացքում, նախկին ամուսնու՝ Աշոտ Սամվելի Մկրտչյանի հեռախոսով։

Իրինա Մկրտչյանը պնդում է, որ 2024 թվականի հունվարին ամուսնալուծությունից հետո իր նկատմամբ սկսվել են շարունակական հետապնդումներ, հոգեբանական ու ֆիզիկական բռնություն և շանտաժ։ Նրա հայտարարության համաձայն՝ նախկին ամուսինը սպառնացել է հրապարակել տեսանյութը՝ պահանջելով հրաժարվել համատեղ ձեռք բերված գույքի իր մասնաբաժնից։Մկրտչյանի պնդմամբ՝ տեսանյութի հրապարակումը նպատակ է ունեցել վախեցնելու, վարկաբեկելու և դատական վեճերում առավելություն ստանալու։

Նա հայտնել է, որ ստեղծված իրավիճակի և նախկինում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ՝ համապատասխան ապացույցներով, պատրաստվում է հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին։

Իրինա Մկրտչյանը նաև կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին չտարածել և չվերահրապարակել տեսանյութը՝ ընդգծելով, որ այն վերաբերում է իր անձնական կյանքին և ընտանեկան պատմությանը։

Նշված հանգամանքները ներկայացված են Իրինա Մկրտչյանի հրապարակային հայտարարության հիման վրա։

Share This