Հայաստանը Վիեննայում ներկայացրել է շրջանաձև տնտեսության զարգացման իր փորձն ու առաջնահերթությունները

 ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մասնակցել և բացման ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO)՝ «Շրջանաձև տնտեսության և կանաչ արդյունաբերության շաբաթ 2026» միջոցառմանը:

 

🔹 Միջոցառումը նվիրված էր Հայաստանի, Մեքսիկայի և Ֆիլիպինների կողմից համատեղ ներկայացված՝ «Շրջանաձև տնտեսություն՝ հանուն ներառական և կայուն զարգացման» (GC.21/Res.4) բանաձևին, որը միաձայն ընդունվել էր 2025թ. նոյեմբերի 27-ին UNIDO-ի Գլխավոր համաժողովին: Միջոցառման նպատակն էր հանդիսավոր պայմաններում նշել բանաձևի ընդունման առաջին տարին, քննարկել դրա իրականացումը և ուրվագծել հետագա քայլերը։

 

🔸 Տիգրան Գասպարյանն իր ելույթում ներկայացրել է արդյունաբերացման ուղղությամբ Հայաստանի ազգային փորձը, մասնավորապես՝ անցումը ռեսուրսատար մոդելից արտադրողականության վրա հիմնված արդյունաբերական զարգացման՝ ընդգծելով, որ շրջանաձև տնտեսության սկզբունքներն անբաժանելի են այս փոխակերպման գործընթացում:

 

➡️ Նախարարի տեղակալն անդրադարձել է շրջանաձև տնտեսության հիմնական խոչընդոտներին, այդ թվում՝ թափոնների հավաքագրման և տարանջատման ենթակառուցվածքների, վերամշակման համար տնտեսական խթանների և երկրորդային հումքի արտահանման միջոցով ավելացված արժեքի կորստի ոլորտներում առկա բացերին:

 

Մարտահրավերների հասցեագրման համատեքստում կարևորվել է շրջանաձև տնտեսության նախագծերի համար կենսունակ բիզնես օրինակների ապահովումը, համապատասխան տնտեսական խթանների սահմանումը և շրջանաձև արդյունաբերական գոտիների ծրագրերի խթանումը:

 

Շրջանաձև տնտեսության վերաբերյալ բանաձևի իրականացման համատեքստում Տիգրան Գասպարյանը հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը սերտացնել համագործակցությունը՝ ոլորտում չափելի արդյունքներ արձանագրելու նպատակով։

Share This