Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը շնորհավորել է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին մասնագիտական օրվա առթիվ
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվա առթիվ
Հարգելի՛ պարոն Նահապետյան,
Անձամբ իմ և Արդարադատության ակադեմիայի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ողջ անձնակազմին մասնագիտական տոնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ։
Այս նշանակալի օրը ևս մեկ առիթ է արժևորելու հակակոռուպցիոն համակարգի ծառայողների բարդ, պատասխանատու և հանրային բարձր նշանակություն ունեցող առաքելությունը։ Կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարը պահանջում է մասնագիտական բարձր պատրաստվածություն, արժանապատվություն, անաչառություն և անսասան հավատարմություն օրենքին ու հանրային շահին։
Ժամանակակից պայմաններում, երբ հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետությունը պետության և հասարակության կարևորագույն առաջնահերթություններից է, առավել քան երբևէ կարևորվում են յուրաքանչյուր ծառայողի հետևողական աշխատանքը, սկզբունքայնությունն ու նվիրումը։ Վստահ եմ, որ Կոմիտեի ծառայողներն իրենց ամենօրյա բարեխիղճ աշխատանքով կշարունակեն նպաստել հանրային վստահության ամրապնդմանը և օրինականության ապահովմանը։
Արդարադատության ակադեմիան մեծապես կարևորում է Հակակոռուպցիոն կոմիտեի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Մեր համատեղ ջանքերն ուղղված են ոլորտի մասնագետների կարողությունների շարունակական զարգացմանը, մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանակմանը, ինչպես նաև ժամանակակից պահանջներին համահունչ կրթության ապահովմանը։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մենք էլ ավելի կամրապնդենք և կընդլայնենք մեր համագործակցությունը՝ ի նպաստ իրավական համակարգի շարունակական զարգացման։
Համոզված եմ, որ Ձեր հմուտ ղեկավարությամբ Հակակոռուպցիոն կոմիտեն կշարունակի բարձր պատասխանատվությամբ իրականացնել իրեն վերապահված գործառույթները՝ նոր հաջողություններ արձանագրելով կոռուպցիայի դեմ պայքարում։
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի բոլոր ծառայողներին քաջ առողջություն, անսպառ եռանդ և նորանոր ձեռքբերումներ պատասխանատու ու պատվաբեր ծառայության ճանապարհին։
