«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջ
«Բարսելոնան» ցանկանում է նախապատրաստվել, որպեսզի 2027-ին, հնարավորություն ստեղծվելու դեպքում, իրականացնի «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերը։ Նման հնարավորություն կարող է առաջանալ, եթե մանչեսթերցիները պատժվեն 2009-2018 թվականներին թույլ տված զանգվածային ֆինանսական խախտումների համար։
Կա հավանականություն, որ մանչեսթերյան ակումբը Պրեմիեր լիգայից տեղափոխվի ավելի ցածր դիվիզիոն։ El Nacional-ի տեղեկացմամբ՝ «Բարսելոնայի» ներկայացուցիչներն արդեն մեկժամյա հանդիպում են ունեցել Հոլանդի գործակալների հետ և ստացել են կարևոր պատասխան. Էրլինգը չի պատրաստվում խաղալ «Մանչեսթեր Սիթիի» կազմում ցածր լիգաներում։
Նորվեգացու գործող պայմանագրում չկա կետ, որով նրա տրանսֆերը կարող է գնվել ԱՊԼ-ից ակումբի դուրս մնալու դեպքում, սակայն նման սցենարը կթուլացնի «Մանչեսթեր Սիթիի» բանակցային դիրքերը, և Հոլանդի հեռանալու հավանականությունը կդառնա շատ բարձր։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 220 միլիոն եվրո։
