Գյումրու Հաղթանակի պողոտայի այգու բարեկարգո՞ւմ, թե՞ կանաչ տարածքի կորստի վտանգ․ «Ամբիոն Նյուզ»-ը կրկին անդրադառնում է խնդրին

Գյումրու Հաղթանակի պողոտայում մեկնարկած բարեկարգման աշխատանքների վերաբերյալ «Ամբիոն Նյուզ»-ը նախկինում արդեն անդրադարձել էր՝ բարձրաձայնելով քաղաքացիների մտահոգությունները։ Այսօր, սակայն, խնդիրը նոր հարցեր է առաջացնում, հատկապես՝ այգու տարածքում իրականացվող ծառահատումների և ծառերի վնասման մասով։

Բարեկարգման անվան տակ իրականացվող աշխատանքների ընթացքում հատվել են ինչպես խոշոր, այնպես էլ երիտասարդ ծառեր, իսկ մի շարք կանգուն ծառերի արմատային հատվածներ, ըստ տարածքից ստացված տեղեկությունների և տեսանելի վիճակի, նույնպես վնասվել են։

Այս իրավիճակում «Ամբիոն Նյուզ»-ը Գյումրու համայնքապետարանից և աշխատանքների պատասխանատուներից ակնկալում է հստակ պատասխաններ.

🔹 Արդյո՞ք ծառահատումների վերաբերյալ օրենքով նախատեսված կարգով իրականացվել է հանրային քննարկում կամ լսում։

🔹 Կատարվե՞լ է արդյոք մասնագիտական ուսումնասիրություն, և նախապես հստակեցվե՞լ է, թե որ ծառերն են ենթակա հատման և ինչ հիմքով։

🔹 Ծառահատումների հարցը քննարկվե՞լ է բնապահպանների և համապատասխան մասնագետների հետ։

🔹 Բարեկարգման նախագծում նախատեսվա՞ծ է ծառերի հատում։ Եթե այո՝ ո՞ր ծառերի և ինչ հիմնավորմամբ։

🔹 Ո՞վ է տվել համապատասխան մասնագիտական եզրակացությունը կամ համաձայնությունը։

🔹 Ընդհանուր առմամբ քանի՞ ծառ է նախատեսվում հատել, և այս պահի դրությամբ քանի՞ ծառ է արդեն հատվել։

🔹 Ո՞վ և ինչպե՞ս է վերահսկում ծառահատման ու շինարարական աշխատանքների ընթացքը։

Առանձին հարց է առաջացնում նաև արդեն հատված ծառերի տեղադրման եղանակը։ Եթե հատված ծառերը լցվում են կանգուն ծառերի վրա և այդ ընթացքում վնասվում են վերջիններիս ճյուղերը կամ արմատային հատվածները, ապա անհրաժեշտ է պարզել՝ ո՞վ է պատասխանատու այդ գործողությունների համար և ինչ վերահսկողություն է իրականացվում տարածքում։

Բարեկարգումը, որպես կանոն, պետք է ենթադրի տարածքի բարելավում և հանրային միջավայրի որակի բարձրացում։ Հետևաբար, քաղաքային այգու դեպքում բնական հարց է առաջանում՝ ի՞նչ տրամաբանությամբ է բարեկարգումը զուգորդվում կանաչ տարածքի էական կրճատման հետ։

«Ամբիոն Նյուզ»-ը խնդրի վերաբերյալ շարունակելու է հետևողականորեն տեղեկություններ հավաքել և պատրաստ է հրապարակել նաև համայնքապետարանի, նախագծի հեղինակների, կապալառուի, բնապահպանական կառույցների ու մասնագետների պարզաբանումները։

Քաղաքացիների համար սա պարզապես շինարարական աշխատանք չէ․ խոսքը Գյումրու կանաչ տարածքի և քաղաքի հանրային միջավայրի մասին է։

Share This