«Ամբիոն Նյուզ»-ը դիմում է իրավապահներին․ քաղաքացիների ահազանգերը՝ հնարավոր ճնշումների և ապատեղեկատվության վերաբերյալ
Այսօր առավոտյան «Ամբիոն Նյուզ» լրատվականը ստացել է քաղաքացիների մի շարք ահազանգեր այն մասին, որ շուրջ երեք օր շարունակ Մելադա Սարգսյանի եղբայրը՝ Ռաֆիկ Սարգսյանը, հեռախոսազանգերի միջոցով քաղաքացիներին ներկայացնում է տեղեկություններ «Ամբիոն Նյուզ»-ի խմբագրի վերաբերյալ։
Քաղաքացիների փոխանցմամբ՝ նրանց ասվում է, թե խմբագիրն իբր «այնքան խարդախություններ է արել», որ իրեն սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում։ Որոշ քաղաքացիների, ըստ նրանց հաղորդումների, ուղղորդում են նաև դեպի Գրիշա Վիրաբյանի ֆեյսբուքյան էջը և վերջինիս հրապարակած ուղիղ եթերները։
Ավելին՝ քաղաքացիների փոխանցմամբ՝ նրանց հետ զրույցներում հնչում են հայտարարություններ, թե եթե իրենց կանչեն Քննչական կոմիտե, պետք է հայտարարեն, որ գումարները «տոկոսով չեն տվել, այլ պարտքով են տվել»։ Միաժամանակ որոշ քաղաքացիների առաջարկվել է հանդիպել «հինգ րոպեով»։
Այս հանգամանքները, եթե հաստատվում են, արդեն ոչ թե պարզապես մասնավոր խոսակցության, այլ հնարավոր ազդեցության, վկայի կամ այլ անձանց վարքագծի ուղղորդման և քննությանը հնարավոր միջամտության հարց են առաջացնում։
«Ամբիոն Նյուզ»-ը հայտարարում է՝ մենք որևէ քաղաքացու չենք ուղղորդել, չենք խնդրել փոխել ցուցմունքը և չենք պատրաստվում որևէ մեկի փոխարեն խոսել իրավապահ մարմիններում։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է ազատորեն և առանց ճնշման ներկայացնի իրեն հայտնի փաստերը։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ քաղաքացիների կողմից ստացված զանգերի առնչությամբ առկա են ձայնագրություններ և այլ փաստական տվյալներ։ Մոտ 40 դիմում և համապատասխան նյութեր ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն։ Առանձին ապացույցներ փոխանցվել են նաև Հայաստանից դուրս գտնվող գործընկեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին և միջազգային կառույցներին։
Հաշվի առնելով նախաքննության գաղտնիությունը՝ այս փուլում չենք հրապարակում գործին առնչվող նյութերի բովանդակությունը և չենք խոչընդոտում իրավական գործընթացին։
Սակայն հստակ արձանագրում ենք.
Որևէ անձ իրավունք չունի քաղաքացիներին վախեցնելու, նրանց հնարավոր ցուցմունքները նախապես ձևավորելու կամ նրանց վրա ազդեցություն գործադրելու միջոցով խոչընդոտել իրավական գործընթացին։
Եթե նման գործողություններ են կատարվել, դրանց իրավական գնահատականը պետք է տան իրավասու մարմինները՝ ձայնագրությունների, զանգերի, հաղորդագրությունների և մյուս ապացույցների համադրությամբ։
«Ամբիոն Նյուզ»-ը պատրաստ է իրավապահ մարմիններին տրամադրել իր տրամադրության տակ գտնվող համապատասխան նյութերը։
Մեզ չեն լռեցնելու։
Փաստերը ներկայացվելու են իրավական ճանապարհով։
Իսկ Գյումրու տարիներով կուտակված խնդիրները պետք է լուծվեն ոչ թե վախի և լռության, այլ օրենքի և հանրային վերահսկողության միջոցով։
