Հրապարակային դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը լիարժեքորեն կհիմնավորի Մարտուն Գրիգորյանի անմեղությունը․ փաստաբանական թիմ
Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
ՀՀ Ազգային ժողովի մի քանի գումարումների պատգամավոր, քաղաքական գործիչ Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան։
Գործով առաջին դատական նիստը, որի ընթացքում քննվելու է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կիրառված անօրինական կալանքի վերացման հարցը, տեղի կունենա 2026 թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9)՝ նախագահությամբ դատավոր Լևոն Պետրոսյանի։
Մարտուն Գրիգորյանը մեղադրվում է իբրև թե ընտրական գործընթացների ժամանակ բարեգործության արգելքի խախտման մեջ։ Մարտուն Գրիգորյանն իրեն ներկայացված այս շինծու մեղադրանքը չի ընդունում։
Հրապարակային դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը լիարժեքորեն կհիմնավորի վերջինիս անմեղությունը։
Ինչ վերաբերում է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կիրառված անօրինական կալանքին, ապա արձանագրենք․
• Վարույթին խոչընդոտելու հիմքի անհիմն լինելը․ Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է 2026թ․ օգոստոսի 14-ին՝ քրեական վարույթի հարուցումից շուրջ 3 ամիս անց։ Կալանավորման հիմքում դրվել է վարույթին խոչընդոտելու վերացական հավանականությունը, այնինչ՝ Մարտուն Գրիգորյանն այդ ամբողջ ընթացքում տեղյակ է եղել իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին (ՀՀ ՔԿ հաղորդագրությունից, բնակարանում և գրասենյակում կատարված խուզարկություններից) և վարույթը խոչընդոտելու որևէ փորձ չի արել։ Թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և թե՛ ՀՀ դատական ատյանները բազմիցս արձանագրել են, որ տևական քննության պայմաններում խոչընդոտելու ռիսկը պետք է հիմնվի կոնկրետ փաստերի, այլ ոչ թե ենթադրությունների վրա։
• Վարույթ իրականացնող մարմնի հակասական վարքագիծը․ Կալանքի միջնորդության քննության ժամանակ վարույթն իրականացնող մարմինը դատարանին հայտնել էր, թե կալանավորումը պայմանավորված է դեռևս իրականացման ենթակա բազմաթիվ գործողություններով։ Մինչդեռ, Մարտուն Գրիգորյանին կալանավորելու հաջորդ իսկ օրը հայտարարվել է նախաքննության ավարտ։
Մարտուն Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բանտային կալանքը ծառայում է ոչ թե գործի քննության բնականոն ընթացքն ու պատշաճ դատավարական վարքագիծն ապահովելուն, այլ հանդիսանում է պատիժ, ինչն արգելված է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով։
Պաշտպանական խումբը հետևողականորեն օգտագործելու է ներպետական և միջազգային իրավական բոլոր գործիքները՝ Մարտուն Գրիգորյանի նկատմամբ իրականացվող ապօրինությունները ճանաչելու, նրա անմեղությունն ապացուցելու և խափանման միջոց կալանքը շուտափույթ վերացնելու համար»։
