Նատաշա Ռեյը վերջնականապես հաղթել է Բրիջիթ Մակրոնի դեմ զրպարտության դատական գործընթացում

Ֆրանսիացի լրագրող Նատաշա Ռեյը հաղթել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնի և նրա եղբոր՝ Ժան-Միշել Տրոնյեի նախաձեռնած զրպարտության գործով դատական գործընթացում։ Այս մասին,  X սոցիալական ցանցում հայտնել է լրագրողի փաստաբան Ֆրանսուա Դանգլանը։

«Նատաշա Ռեյը վերջնականապես շահել է իր դեմ հարուցված զրպարտության վերաբերյալ դատական գործընթացը»,– գրել է փաստաբանը։

Գործը կապված է Ռեյի՝ տարիներ առաջ հնչեցրած պնդումների հետ Բրիջիթ Մակրոնի ինքնության վերաբերյալ։

2021 թվականի դեկտեմբերին՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ, իրեն անկախ լրագրող ներկայացնող Նատաշա Ռեյը YouTube-ում հրապարակված հարցազրույցի ընթացքում պնդել էր, թե Բրիջիթ Մակրոնը, որի օրիորդական ազգանունը Տրոնյե է, իբր ծնվել է որպես տղամարդ՝ Ժան-Միշել անունով։ Այդ պնդումները լայն տարածում էին ստացել համացանցում։ Բրիջիթ Մակրոնը և նրա ընտանիքը դրանք հերքել են։

2024 թվականի սեպտեմբերին Փարիզի դատարանը Ռեյին և Ամանդին Ռուային, որը հայտնի է «Դելֆին Ժեգուս» կեղծանունով և որի YouTube-յան ալիքում հրապարակվել էր համապատասխան նյութը, մեղավոր էր ճանաչել զրպարտության համար։ Նրանց պարտավորեցրել էին ընդհանուր առմամբ 13 500 եվրո վճարել որպես փոխհատուցում։

Սակայն 2025 թվականի հուլիսին Փարիզի Վերաքննիչ դատարանը բեկանել էր այդ որոշումը և արդարացրել Ռեյին ու Ռուային։ Դատարանը եզրակացրել էր, որ վիճարկվող հայտարարությունների մեծ մասը իրավական իմաստով զրպարտություն չի համարվում։

Այսպիսով, Բրիջիթ Մակրոնի վերաբերյալ Ռեյի հնչեցրած պնդումների իսկությունը դատարանը չի հաստատել․ դատական վեճը վերաբերել է այն հարցին, թե արդյոք հրապարակված հայտարարությունները համապատասխանում են զրպարտության իրավական չափանիշներին։

Share This