Հայկական կողմը պետք է հստակ գնահատականներ հնչեցներ Ադրբեջանում հայտարարագրված դեսպանների այցի վերաբերյալ. Հայրապետյան
Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի գնահատականը` Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի, Ադրբեջանում հայտարարագրված դեսպանների Գանձասար և Դադիվանք վանական համալիրների այցի, նպատակների, և հայկական կողմի արձագանքի անհարաժեշտության առնչությամբ.
Ադրբեջանը շարունակում է իր պետական հակահայկական քաղաքականությունը։ Հայկական պատմական հետքի ոչնչացումը նոր երևույթ չէ ադրբեջանական քաղաքականության մեջ։ Մենք բազմիցս են նման երևույթի ականատես եղել։ Նախիջևանում հայկական խաչքարերի ոչնչացումը դրա վառ օրինակներից է։ Նպատակը հստակ է՝ վերացնել հայկական հետքը, ձևախեղել պատմությունը։ Ադրբեջանական ողջ պետական ապարատն այսօր այդ գործին է լծված։ Դիվանագետների մասով կասեմ հետևյալը, իրենք, փաստացի դա արել են, որովհետև վստահ են, որ հայկական կողմից որևէ պաշտոնական պատասխան չի լինելու իրենց քայլին։ Եթե այսօր ՀՀ ղեկավարությունը ցույց է տալիս, որ խնդիր չի տեսնում ոչ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման, ոչ էլ հայկական մշակութային ժառանգության վերացման հետ, ապա ինչու՞ պետք է դիվանագետները կաշկանդեն իրենց։ Թեև ասեմ՝ սա նաև անարգանք է հենց այն թվացյալ արժեքային, քաղաքակրթական համակարգի նկատմամբ, որոնք իբր կարևոր են արևմտյան գործընկերների համար։ Նրանք փաստացի օգնում են բռնապետական ռեժիմին արդարացնել ագրեսիվ պատերազմն ու էթնիկ զտումները. ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին և մյուս բռնապետություններին։ Ի՞նչ եք ասում նրանց։ Որ կարելի է պատերազմ սանձազերծել, մի ամբողջ տարածաշրջանի բնակչության նկատմամբ էթնիկ զտում իրականացնել, իսկ հետո կեղծե՞լ ակնհայտ փաստերը: Կարծում եմ դա շատ վտանգավոր է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ ողջ աշխարհում ընթացող զարգացումների համար։
Արդյո՞ք նրանց ներկայությունը կարելի է դիտարկել որպես Ադրբեջանի պատմական թեզերի լուռ լեգիտիմացում։ Եվ, ի վերջո, ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի՝ ոչ միայն քաղաքական, այլև դիվանագիտական ու մշակութային արձագանքը։
Իրենք ոչինչ չեն կարող լեգիտիմացնել, իրենք կարող են «նորմալ դարձնել» ագրեսիվ պատերազմն ու էթնիկ զտումը, պատմական կեղծարարությունն ու մշակույթի նկատմամբ ծաղրը։ Բայց այդ քայլն ուղղվելու է նաև այլ պետությունների դեմ, ուստի իրենք պետք է լավ ծանրութեթև անեին իրենց քայլը այս հակահայկական շոուին մասնակցելուց առաջ։ Հայկական կողմը պետք է հստակ գնահատականներ հնչեցներ այս այցի վերաբերյալ, ավելին ասեմ՝ եթե լիներ հայկական պետական շահը սպասարկող իշխանությունը, որը պատշաճ դինավագիտական աշխատանք է կատարում, ապա շատերը միգուցե չմասնակցեին այս այցին։ Կարծում եմ այստեղ ասելիք ունի նաև Հայ առաքելական եկեղեցու առաջնորդությունը, քանի որ խոսքը մեր քրիստոնեական մշակութային ժառանգության պղծման և ձևախեղման մասին է։
Անաստասիյա Հարությունյան
