ԳՅՈՒՄՐՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋԻԿԻՑ ՓՈՂ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ «ՆՈՐԱԳՈՒՅՆ» ՄԵԹՈԴԸ․ «ԱՆՎՃԱՐ Է»՝ ՄԻՆՉԵՎ ՉՀԱՅՏՆՎԻ 1000 ԴՐԱՄԸ

Սա ի՞նչ խայտառակություն է։

 

Գյումրի այցելած զբոսաշրջիկ հետևորդներս բազմիցս խնդրել են բարձրաձայնել գումար գռփելու այս մեթոդի մասին։ Հիասթափությամբ ու բարկությամբ հիշատակում են, որ մանիպուլյացիոն «ՓՈՂ ՊՈԿԵԼԸ» որոշ ոլորտներում կարծես ընդունված մեթոդ է։

 

Հատկապես շեշտում են, որ ամեն բան սկսվում է «ԱՆՎՃԱՐ Է, ՄՈՏԵՑԵՔ, ՕԳՏՎԵՔ» արտահայտությամբ, իսկ վերջում փող են ՊԱՀԱՆՋՈՒՄ, այո ՊԱՀԱՆՋՈՒՄ։ Այս մեթոդը կհանդիպեք նաև մուլտերի կամ ֆիլմերի կերպարներով նկարվողների հետ շփվելիս։ Երեխա տեսնելուն պես առանց հարցնելու գնում փաթաթվում են, վերջում էլ փող են ուզում ծնողից։

 

Բայց չէի հավատում, որ երևույթն այսքան գռեհիկ կարող էր լինել, մինչև աչքովս չտեսա քիչ առաջ։

 

Խոսքս վերաբերում է մայթերով քայլող տարբեր կերպարների տեսքով ու դիմակով նկարվողներին։ Ավելի կոնկրետ նկարում առկա վարդագույն «Լաբուբու»-ին, որը ինձ համար դարձավ «ԴԱՅԱՂՎԵԼ» բառի մարմնավորումը։

 

Դրսից հյուր ունենք։ Բերել եմ Գյումրի։ Վերջին օրն է, գնացել ենք Սուրբ Ամենափրկիչ տաճարի ետնամասում երգող շատրվանների մոտ նկարվենք ու հրաժեշտ տանք քաղաքին։

 

Նկարում եմ հյուրիս, մորս ու տղայիս, ով ի դեպ չի սիրում «Լաբուբուի» կերպարը (ինքս նույնիսկ խորշում եմ այդ կերպարից)։ «Լաբուբուն» թռվռալով մոտեցավ, հասկացրեցինք, որ չենք ցանկանում նկարվել։ Ասի եկեք հետ քաշվենք, թող շառն առնի հեռու գնա, մենք հետո կնկարվենք։ Չուզեցի նաև հյուրիս զգուշացնել, որ հանկարծ «փող պոկելու» մանիպուլյացիային կուլ չգնա, որպեսզի քաղաքի մասին վատ հուշեր չմնային։

 

Դրանից հետո տեսնեմ «Լաբուբուն» նորից մոտեցավ ու բառի բուն իմաստով հայտնվում էր մեր բոլոր կադրերում ու փչացնում Գյումրու շատրվանների գեղեցիկ տեսարանը։

 

Փորձեցի հասկացնել, որ չենք ուզում նկարվել իր հետ ո՛չ մենք, ո՛չ էլ երեխաս։ Բայց տեսնում եմ, որ աստիճանաբար սկսեց տղայիս ուղղակի քաշքշելով հենել իր վրա։ Տղայիս պարանոցին էլ մեծ ականջակալներ կային։ Երբ երեխան անհարմարությունից ծիծաղելով մի կերպ ՊՈԿՎԵՑ «Լաբուբուից», ականջակալները մնաց դրա ձեռքում։ Արագ վրա վազեցի, ինձ թվաց, որ համարյա գցում էր ու կոտրեր։

 

Մի կերպ ձեռքից վերցրեցինք ականջակալներն ու հեռու եկանք։ Սելֆի եմ անում շատրվանների ֆոնին, մեկ էլ այդ կերպարը նորից հայտնվեց իմ ետևում։ Սա արդեն ծաղրանքի էր նման, բայց ես չեմ ուզում վիրավորել մարդուն։ Ժպիտով ասում եմ «Ես շատրվանների հետ եմ նկարվում, ոչ թե ձեզ հետ։ Խնդրում եմ, հետ գնացեք»։ էլի չի գնում։ Շուռ եմ եկել, ձեռքով փորձում եմ ուղղորդել, ասում եմ «ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ՀԵՌՈՒ ԳՆԱՑԵՔ, ԵՍ ՉԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՆԿԱՐՎԵԼ ՁԵԶ ՀԵՏ»։

 

Մի կերպ գնաց։ Մեկ էլ աչքս թեքեցի ու հասկացա, որ նրանց (թիմով են աշխատում) հաջողվել էր մի քանի մետր այն կողմ կանգնած իմ հյուրից՝ մորաքրոջիցս գումար կորզել։ Մորաքույրս հանդիմանում է ու բացատրում, որ «Չնայած ինձանից գումար պոկեցիք, բայց ուզում եմ իմանաք, որ մեզանից ոչ ոք չէր ցանկանում նկարվել ձեզ հետ։ Չի կարելի նման կերպով մարդկանց խաբել»։ Ու հնչում է, որպես արդարացում «Այ մորքուր ջան, էս կերպարի մեջը գիտե՞ս ինչխ շոգ է։ Ըսքան մեջը կթռվռա, մեղկ չէ՞ որ 1000 դրամ չաշխադի»։

 

Մոտեցա, բացատրեցի, որ իրենց արածը խայտառակություն է։ Ազդում է ոչ միայն իմ, այլ ամբողջ քաղաքի անվան վրա։ Գալիս դայաղվում եք, մտնում եք կադրի մեջ, հետո մարդկանց ՍՏԻՊՈՒՄ, որ ձեր «շոգելու համար» գումա՞ր տան»

 

Ինչևէ։ Մեր տրամադրությունն իրապես փչացրեցին ու այդ տհաճ հուշերով էլ Գյումրիին հրաժեշտ տվեցինք։

 

Հորդորս բոլորիդ, սիրելիներս։

Զոհ չդառնաք նման մանիպուլյացիային, որտեղ էլ որ լինի՝ Գյումրիում, Երևանում կամ մեկ այլ վայրում։ Եթե չեք ցանկանում նկարվել, ապրանք վերցնել, ծառայություն պատվիրել, ապա ուղիղ ասեք այդ մասին ու մի փորձեք ցուցաբերել ավելորդ նրբանկատություն նրա հանդեպ, ով փորձում է հենց չարաշահել ձեր նրբանկատությունն ու փող ՊՈԿԵԼ ձեզանից։

Share This