Շիրակի մարզում քննարկվել են համայնքների զարգացմանն ու անտառների վերականգնմանն ուղղված ծրագրերը

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը տեղակալ Ալբերտ Այվազյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ հանդիպել է «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին՝ ղեկավար Հայկ Մինասյանի գլխավորությամբ, հանդիպմանը մասնակցել է նաև Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Արման Աջամօղլյանը։

 

«Շեն» կազմակերպության ներկայացուցիչները մարզպետին ներկայացրել են կատարված աշխատանքների արդյունքները, անդրադարձել ընթացիկ գործընթացներին և առաջիկա անելիքներին։

🌱🌍Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «Անտառների վերականգնումը և կլիմայի փոփոխությունը Հայաստանում» ծրագրին, որն իրականացվում է Արթիկի Մեծ Մանթաշ բնակավայրում։ Ծրագիրն ուղղված է գյուղական բնակավայրերի զարգացմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրների հասցեագրմանը։ Ծրագիրն իրականացվում է միջազգային համագործակցության շրջանակում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ։

Դավիթ Առուշանյանը կարևորել է «ՇԵՆ» կազմակերպության գործունեությունը և մարզում իրականացվող զարգացման ծրագրերը։

«Շիրակի մարզի բնակիչների կյանքի որակի բարելավմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն կարևոր նշանակություն ունի։ Բարձր եմ գնահատում «ՇԵՆ» կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքները, որոնք նպաստում են համայնքների զարգացմանը, բնակիչների համար նոր հնարավորությունների ստեղծմանն ու կենսապայմանների բարելավմանը։ Պետական կառույցների և գործընկեր կազմակերպությունների համատեղ ու հետևողական աշխատանքը կարևոր նախապայման է մարզում կայուն և տեսանելի արդյունքներ ապահովելու համար։ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է շարունակել արդյունավետ համագործակցությունը և աջակցել մարզի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը»,- նշել է Դավիթ Առուշանյանը։

 

Կողմերը կարևորել են համագործակցության շարունակականությունը՝ ծրագրերի հետագա արդյունավետ ընթացքն ապահովելու և համայնքների բնակիչների համար դրական արդյունքներ ստեղծելու նպատակով։

Share This