Հայաստանը Բաքվում պահվող գերիներին տեսակցելու հարցով դիմել է երրորդ երկրի. ԱԳՆ
Հայաստանը դիմել է երրորդ՝ չեզոք երկրի հյուպատոսական այց կազմակերպելու և Բաքվում գտնվող հայ գերիներին տեսակցելու խնդրանքով, սակայն նման այցի կազմակերպման համար անհրաժեշտ է Բաքվի համաձայնությունը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ արտգործնախարարությունից` պատասխանելով գրավոր հարցմանը։
ԱԳՆ–ից չեն նշել, թե կոնկրետ որ երկրին են դիմել: Ընդգծել են, որՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչները շարունակում են ակտիվ քննարկումները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ Բաքվի բանտերում պահվող հայ անձանց տեսակցությունները վերականգնելու հնարավորության շուրջ։
«ՀՀ ԱԳՆ-ն պարբերաբար հանդիպումներ է ունենում ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ և քննարկում նրանց տեսակցելու հնարավորության հարցը, սակայն ընթացիկ տարում ԿԽՄԿ-ին համապատասխան թույլտվություն չի տրվել»,- ասված է ԱԳՆ–ի պատասխանում։
Գերատեսչությունից նաև հետաքրքրվել էինք, թե արդյոք գերիների հարազատներից պաշտոնական գրություն ստացել են Բաքու այցի կազմակերպման պետական աջակցության խնդրանքով։ Նախարարությունից նշել են, որ պաշտոնական գրություն չեն ստացել, սակայն հարցի մասին տեղյակ են կառավարությանն ուղղված բաց նամակից։
Գերատեսչությունից վստահեցրել են, որ Ադրբեջանում պահվող հայ անձանց խնդրի հասցեագրումը շարունակում է մնալ ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնում՝ նպատակ ունենալով ապահովել նրանց վերադարձը հայրենիքը։
