«Ֆազի» գրավից մինչև Արմեն Գրիգորյանի մահ. ինչպես տապալվեց ու ավարտվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի աղմկոտ կարիերան

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դադարեցրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով: Նա հանրությանն հայտնի էր դարձել աղմկահարույց քրեական գործերով և կալանքի միջնորդությունների քննությամբ, իսկ ավելի ուշ դարձավ Հայաստանում քրեական պատասխանատվության ենթարկված և պաշտոնից ազատված սակավաթիվ դատավորներից մեկը:

Նրա լիազորությունների դադարեցման ու քրեական հետապնդման հիմքում ընկած են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելու մեղադրանքները: Ամենաաղմկահարույց դեպքը վերաբերում էր «Ֆազ» մականվամբ քրեական հեղինակություն Էրիկ Ուրուտյանի գործին, որտեղ դատավորը, իր մոտիկ ընկեր, հայտնի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությամբ, մեղադրյալի կալանքը փոխարինել էր 20 միլիոն դրամ գրավով: Այս որոշումից հետո Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հատուկ գործողություն իրականացրեց, որի արդյունքում պաշտոնավարող դատավորն ու փաստաբանը ձերբակալվեցին ու կալանավորվեցին, ինչն աննախադեպ իրադարձություն էր դատական համակարգում:

Այս գործից զատ, Արուսյակ Ալեքսանյանի անվան հետ են կապված նաև այլ հանրային հնչեղություն ունեցող դեպքեր: Մասնավորապես, նա է բավարարել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելու միջնորդությունը, ով հետագայում մահացավ հենց դատարանի դահլիճում: Նաև քննել է Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդու վերաբերյալ գործը՝ մերժելով նրան կալանավորելու քննիչի միջնորդությունը, ինչպես նաև կայացրել է մի շարք այլ որոշումներ քաղաքական ու հասարակական գործիչների վերաբերյալ:

Արամ Դավթյան

Share This