ՃՏՊ-ի դեպքում առաջին անգամ հաշտության պայմանով քրեական պատասխանատվությունից ազատելու առաջարկ է արվում
Արդարադատության նախարարությունը առաջարկում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում՝ լրացնելով 342-րդ հոդվածը։ Հոդվածը վերաբերում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտմանը, որի հետևանքով վնաս է պատճառվել անձի առողջությանը։
Նախարարությունն առաջարկում է հոդվածը լրացնել նոր դրույթով, համաձայն որի՝ առաջին անգամ 342-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե իր և տուժողի միջև առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն, ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնություն։
Միաժամանակ նախատեսվում է, որ եթե անձը նախկինում արդեն ազատվել է քրեական պատասխանատվությունից այս հիմքով, ապա նույն հիմքով կրկին ազատվել չի կարող։
Այսինքն՝ առաջարկվող կարգավորմամբ, եթե անձը խախտի ճանապարհային երթևեկության կանոնները և դրա հետևանքով վնաս պատճառի մարդուն, առաջին նման դեպքի դեպքում հնարավոր կլինի քրեական պատասխանատվությունից ազատվել, եթե կողմերը հաշտության գան և համապատասխան համաձայնություն ձեռք բերեն։
