ՊԵԿ-ում թվայնացումը դառնալու է բոլոր բարեփոխումների առանցքային բաղադրիչը
Առաջիկայում թվայնացումը դառնալու է Պետական եկամուտների կոմիտեի բոլոր բարեփոխումների առանցքային բաղադրիչը։
ՊԵԿ-ի առաքելությունն ու տեսլականը նախանշում են տեխնոլոգիական համարձակության և նորարարության ճանապարհը։ Մենք պետք է կարողանանք համահունչ շարժվել արագ զարգացող տեխնոլոգիական փոփոխություններին, ճիշտ ուղղություն ընտրել և նորարարական լուծումները դարձնել մեր աշխատանքի անբաժանելի մասը։
Թվայնացման խորհրդի հերթական նիստում քննարկել ենք ՊԵԿ-ում իրականացվող թվայնացման ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա նախաձեռնությունները։ Մաքսային ոլորտում անդրադարձել ենք հետբացթողումային հսկողության թվային գորմիքների բարելավմանը, «Հեռավար մաքսային մարմին» համակարգի ստեղծմանը։ Ներկայացվել է նաև «Մաքսային սպասարկում» նոր էլեկտրոնային համակարգի նախագիծը:
Հարկային ոլորտում քննարկել ենք ԱԲ գործիքների ներդրման ընթացքը, առցանց էլեկտրոնային ՀԴՄ-ի կատարելագործումը, հարկային պարտավորությունների մարման վերաբերյալ հաշվետվությունների նոր համակարգը, դրոշմանիշային վճարների հաշվառման նոր համակարգը և ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կատարելագործումը։
Թվայնացումը մեզ համար պարզապես տեխնոլոգիական փոփոխություն չէ․ այն ՊԵԿ-ի բարեփոխումների կարևոր գործիք է՝ գործընթացներն ավելի արագ, թափանցիկ ու հետագծելի դարձնելու, հարկ վճարողների համար ծառայություններն ավելի մատչելի դարձնելու համար։
Առջևում կարևոր նախաձեռնությունների և մեծ փոփոխությունների փուլ է։ Համոզված եմ՝ մենք կհաջողենք։
