Աբովյանի համայնքապետ․ «Հայրենասեր ու գործունյա երիտասարդներն են մեր համայնքների ու հայրենիքի լուսավոր ապագայի կերտողները»
Սիրելի՛ երիտասարդներ.
Ջերմորեն շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ:
Այս տոնը լավագույն առիթն է կարևորելու երիտասարդների ներուժն ու գիտելիքները՝ զարգացող համայնքներ, մրցունակ երկիր կառուցելու և ամենատարբեր ոլորտներում առաջընթաց ու հաջողություններ գրանցելու հարցում:
Առանձնահատուկ շնորհավորում եմ Աբովյան համայնքի երիտասարդներին. անչափ կարևորում եմ նրանց ակտիվ ներգրավվածությունը համայնքային կյանքում։ Մեծապես մեր երիտասարդների ստեղծարար մտքով ու վստահ քայլերով է պայմանավորված ինչպես նրանց, այնպես էլ մեր համայնքի վաղվա օրը:
Իմ անմիջական հետևողականությամբ Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմը մշտապես արձագանքում է երիտասարդական նախաձեռնություններին, անդրադառնում և աջակցում է համայնքը պատվով ներկայացնող շնորհալի երիտասարդներին: Պարբերաբար բարելավում ենք համայնքային ենթակայության կազմակերպությունների պայմանները՝ երիտասարդների համար կրթական, ստեղծագործական, մարզական ժամանակակից ու նպաստավոր միջավայր ապահովելու համար:
Հայրենասեր ու գործունյա երիտասարդներն են մեր համայնքների ու հայրենիքի լուսավոր ապագայի կերտողները. ուստի, Երիտասարդության միջազգային օրվա առիթով կրկին շնորհավորելով, մեր երիտասարդներին մաղթում եմ բազում նվաճումներ, ուսումնական ձեռքբերումներ ու մասնագիտական վերելքներ:
