Գլխավոր դատախազը Սևանի ափին մի շարք հանձնարարականներ է տվել
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանի ուղեկցությամբ, 2026 թվականի օգոստոսի 11-ին այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ և մի շարք հանձնարարականներ տվել մարզի դատախազին:
Հանձնարարականները, ի թիվս այլնի, վերաբերել են՝
ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները լողափնյա սեզոնի ավարտից հետո վերսկսելուն,
ապօրինի կառուցված մի շարք առանձնատներ պետությանը վերադարձնելու նպատակով դատարաններ ներկայացված հայցերի շրջանակներում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության վարչությունների հետ աշխատանքները շարունակելուն,
վերոնշյալ հայցերից բացի, Սևանի ափամերձ տարածքներում գտնվող ապօրինի կառուցված այլ գույքերի վերաբերյալ նոր հայցեր ներկայացնելուն,
ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման արդյունքում բացազատված տարածքները հանրային բարիք դարձնելու, այդ թվում՝ հանրային լողափեր ստեղծելու հնարավորությունը քննարկելուն,
ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման արդյունքում բացազատված տարածքներում դեռևս առկա ոչ հիմնական շինությունները (վագոն-տնակներ, երկաթյա կառուցվածքներ և այլն) հեռացնելու աշխատանքների կատարման նպատակով միջնորդագրեր ներկայացնելուն,
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքված այն պայմանագրերի լուծման նպատակով միջնորդագրեր ներկայացնելուն, որոնք այլևս չեն համապատասխանում գործող օրենսդրությանը:
