Գիրքն արդեն հանձնել եմ տպագրատուն, ուստի հանգիստ խղճով կարող եմ հայտարարել շնորհանդեսի օրը՝ օգոստոսի 30.Մելիքյան

Հանրության դատին եմ հանձնելու Մխիթար վարդապետ Գոշի «Հայոց Դատաստանագրքին» վերաբերող ծավալուն աշխատության միայն մեկ հատորը (ծավալը՝ 320 էջ), որի վրա աշխատել եմ շուրջ 6 տարի՝ հիմնականում գիշերները՝ անքնության «շնորհիվ»։ Գրեթե պատրաստ է ևս մեկ հատոր։ Մյուս 4 հատորները կգրեմ առաջիկա տարիներին՝ ուժերիս ներածին չափով։ Կամ էլ ցանկացողների հետ աշխատանքային խումբ կստեղծենք ու ավելի արագ կպատրաստենք։ Տեսնենք։

 

Մեծ հաշվով՝ խնդիր եմ դրել հայ հանրության գիտակցության մեջ եռամեծ վարդապետ Մխիթար Գոշին «մեդալից» ու «արձանից» գոյափոխելու կենդանի մտածողի, որին պետք է ճանաչել, որի հետ կարող ենք երկխոսել, և որից կարող ենք դասեր քաղել։

 

ՀԳ. Շատերին եմ շնորհակալ այս ծավալուն աշխատանքը կատարելիս ինձ օգնելու համար։ Նրանց բոլորին կհիշեմ ու կհիշատակեմ շնորհանդեսին։ Այստեղ միայն հատուկ շնորհակալությունս կհայտնեմ մենագրության գիտական խմբագիրներին՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանին և պատմական գիտությունների թեկնածու Սարգիս Մելքոնյանին։

 

ՀԳ-2 Մտածում եմ նախավաճառք կազմակերպելու մասին, որպեսզի ընթերցողը կարողանա գիրքը ձեռքի տակ ունենալ շնորհանդեսից 2-3 օր առաջ և ցանկության դեպքում շնորհանդեսին կատարի բովանդակային հարցադրումներ, ծավալվի բովանդակային քննարկում։ Ի՞նչ կարծիքի եք։

Share This