ՔԿ-ի հերթական խայտառակությունը․ քննիչին մեղադրանք՝ առգրավված գումարը յուրացնելու համար

Քննչական կոմիտեում հերթական սկանդալն է եղել։ Իրավապահները պարզել են, որ ՔԿ-ի քննիչ Վազգեն Աբգարյանը, քրեական վարույթի շրջանակում խուզարկություն կատարելիս, որպես ապացույց վերցրել և կնքել է 500 ԱՄՆ դոլարն ու 40 եվրոն, սակայն, հետագայում հափշտակել է այդ գումարը։ Այնուհետև, անհետացումը քողարկելու նպատակով, կնքված ծրարի մեջ տեղադրել է երկրորդ՝ նույնաբովանդակ ծրար։ Քրեական վարույթը, մեր տեղեկություններով, որի շրջանակում մեղադրյալի տանը խուզարկություն է կատարել Աբգարյանը, առնչվել է թմրանյութ իրացնելուն։ Հետագայում, երբ գործը մտել է դատարան՝ ապացույցների հետազոտության ժամանակ պարզվել է, որ արտաքին անխախտ ծրարի ներսում եղել է պատռված երկրորդ ծրարը, իսկ գումարը՝ բացակայել։ Այստեղ էլ բացահայտվել է հանցանքը, եւ քննիչ Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել։

Արդեն նախկին քննիչի գործը քննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

 

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Հակակոռուպցիոն դատարանից, սակայն մեր զանգերին չպատասխանեցին։

 

Նշենք, որ ՔԿ-ում «հափշտակության» երկրորդ դեպքն է։ 2025-ին քննիչի կեղծ վկայականով անհայտ անձը մուտք է գործել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք ու հափշտակել 590 հազար դոլար։ Գողը ՔԿ շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով աշխատանքային ժամինու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։ Այս գործով մեղադրյալ է գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը և մեկ անձ։ Վարույթով նախաքննությունը Հակակոռուպցիոն կոմիտեում շարունակվում է:

 

 

Share This