ՀՀ նոտարական պալատի ներկայացուցիչները մասնակցել են ԱՊՀ երկրների նոտարական էթիկային նվիրված վեբինարին
ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը, նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների Բազային կազմակերպության հասարակական խորհրդի անդամ Գայանե Ազարյանը և ՀՀ նոտարական պալատի էթիկայի հանձնաժողովի նախագահ Իռեն Սարգսյանը մասնակցել են նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների Բազային կազմակերպության նախաձեռնած վեբինարին:
🎥Վեբինարը նվիրված էր ԱՊՀ անդամ պետություններում նոտարական էթիկային առնչվող արդի խնդիրներին։ ԱՊՀ անդամ պետությունների ներկայացուցիչները վեբինարի ընթացքում ներկայացրել են իրենց երկրներում նոտարների մասնագիտական էթիկայի սկզբունքները, նոտարին ներկայացվող պահանջները, օրենսդրական կարգավորումները: Քննարկվել են նաև կարգապահական պատասխանատվության առաջացման հիմքերը, կարգապահական վարույթի կարգը և կիրառվող կարգապահական տույժերը։
Վեբինարի ընթացքում նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների Բազային կազմակերպության հասարակական խորհրդի անդամ Գայանե Ազարյանը հանդես է եկել զեկույցով, որի շրջանակում ներկայացրել է Հայաստանում նոտարի կարգավիճակի ձեռքբերման և դադարեցման իրավական կարգավորումները, ինչպես նաև «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն ու ընթացակարգերը:
✔️Հայաստանի Հանրապետությունում նոտարական էթիկայի նորմերի առանձնահատկությունները միջազգային գործընկերներին ներկայացրել է ՀՀ նոտարական պալատի էթիկայի հանձնաժողովի նախագահ Իռեն Սարգսյանը։ Իր զեկույցի շրջանակում Իռեն Սարգսյանն անդրադարձել է նոտարական էթիկայի ոլորտում իրականացված վերջին փոփոխություններին, գործնականում հանդիպող խնդիրներին և դրանց կարգավորման առանձնահատկություններին:
