Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյան

112 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին հայտնի ականատեսներից մեկը՝ Մերի Վարդանյանը։ Նրա մահվան մասին հայտնել է Zartonk Media-ն՝ հղում անելով թոռնուհի Նատալի Վարդանյանին։

Մերի Վարդանյանը (ծննդյան ազգանունը՝ Ուզկուշյան) ծնվել է 1914 թվականի օգոստոսի 17-ին՝ պատմական Կիլիկիայի Այնթապ քաղաքում։ Մանկության տարիներին նա վերապրել է Հայոց ցեղասպանության ողբերգական իրադարձությունները։ Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Հալեպ, ապա Բեյրութ, իսկ 1972 թվականին հաստատվել ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում։

Նա երկար տարիներ ակտիվ մասնակցել է հայկական համայնքի և եկեղեցու կյանքին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին։ 2024 թվականին Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատում նրան մեծարել էին՝ որպես ցեղասպանությունը վերապրած և պատմական հիշողության պահպանման խորհրդանիշ։

Մերի Վարդանյանի մահը մեծ կորուստ է ողջ հայ ժողովրդի և Սփյուռքի համար։ Նրա հիշատակը կմնա որպես կենդանի վկայություն Հայոց ցեղասպանության պատմության և հիշողության պահպանման գործում։ Աստված հոգին լուսավորի։

Share This