Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է, որ իշխանական քարոզչամեքենան և որոշ քաղաքական շրջանակներ տարածել են թեզ, թե բարձր մասնակցությունն օգնել է գործող իշխանությանը։ Թերթը պնդում է, որ սա չի համապատասխանում իրականությանը։
«Փաստ»-ի խոսքով, բաց ու փակ հարցումների վերլուծությունը և հետընտրական շոկը ցույց են տալիս, որ սպասվել է առնվազն 10–15 տոկոսով ավելի բարձր արդյունք։ Ցածր մասնակցության դեպքում վարչական ռեսուրսը կապահովեր պլանավորված բարձր տոկոսը։
Թերթը նշում է, որ մասնակցության արշավները դուրս բերեցին «լուռ» մեծամասնությանը, որը նվազեցրեց վարչական ռեսուրսի կշիռը և տապալեց նախապես գծած սցենարը։ «Փաստ»-ի գնահատմամբ, հետընտրական խուսափողականությունն ու նյարդային տոնայնությունը վկայում են «սառը ցնցուղի» մասին, իսկ բարձր մասնակցության «միֆը» հերքվեց։
