Խոստանում են հարստացնել, բայց անհետացել են․ «Տրանշ» հայկական ասոցիացիայի աղմկահարույց ահազանգերը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ամբիոն Նյուզ» լրատվականը, հիմք ընդունելով ստացված բազմաթիվ ահազանգերը, տեղեկացնում է, որ որոշ անձինք կամ խմբեր, ներկայանալով որպես «Տրանշ հայկական ասոցիացիա», ենթադրաբար առաջարկում են ֆինանսական աջակցություն կամ ներդրումային ծրագրեր՝ բիզնեսի զարգացման նպատակով։
Ահազանգերի համաձայն՝ հիմնականում թիրախավորվում են միայնակ կանայք, որոնց խոստացվում են բարձր եկամուտներ՝ համեմատաբար փոքր սկզբնական ներդրումների դիմաց։ Այնուհետև, ըստ հաղորդումների, նրանցից փորձ է արվում ներգրավել ավելի մեծ գումարներ։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ գործընթացի ընթացքում կապի մեջ գտնվող անձինք ներկայանում են տարբեր անուններով, (օրինակ` Կարո, Հովիկ, Հայկ, Սիրանուշ, Լիլիթ, Պավել, Մերի և այլ անուններով)։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ որոշ դեպքերում ներդրումներ կատարելուց հետո կապը դադարեցվել է, իսկ կազմակերպությունը կամ ներկայացող անձինք դարձել են անհասանելի։
Եթե դուք նույնպես բախվել եք նման իրավիճակի կամ ձեզ համարում եք տուժած, խնդրում ենք կապ հաստատել «Ամբիոն Նյուզ» լրատվականի խմբագրության հետ։ Տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը լիովին երաշխավորվում է։
Միաժամանակ հորդորում ենք քաղաքացիներին լինել առավել զգոն, չկատարել ֆինանսական փոխանցումներ անհայտ կամ չստուգված անձանց և կազմակերպություններին, ինչպես նաև ցանկացած ներդրումային կամ ֆինանսական առաջարկի դեպքում նախապես ստուգել դրանց իսկությունը և իրավական հիմքերը։
Եթե առկա են խարդախության, գումարների հափշտակության կամ այլ իրավախախտումների վերաբերյալ հիմնավոր կասկածներ, քաղաքացիներին հորդորում ենք նաև դիմել Ներքին գործերի նախարարություն կամ իրավապահ այլ մարմիններ՝ համապատասխան իրավական ընթացակարգերի ապահովման նպատակով։
«Ամբիոն Նյուզ» լրատվական
