Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է, որ սոցիոլոգիան հասարակության վիճակի ուսումնասիրություն է և ճիշտ մեթոդաբանությամբ կարող է կարևոր գործիք լինել պետության, քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ու մեդիայի համար՝ իրական տրամադրություններին մոտենալու համար։
Սակայն երբ հարցումները քաղաքական պայքարի կենտրոնում են, դրանք դառնում են իրադարձություն և սկսում են ազդել կարծիքների ու վարքի վրա. գործում է «հաղթողի էֆեկտը», առաջատարին միանալու և հետ մնացողի ապամոբիլիզացման մեխանիզմը՝ երբ «շանս չկա» պատկերացումն ինքնաիրականացվող կանխատեսման է վերածվում։
Հոդվածում նշվում է, որ ներքին ախտորոշման համար բարեխիղճ հարցումները բնական են, բայց երբ դրանք օգտագործվում են հանրային ընկալումը փոխելու համար, դառնում են քաղաքական տեխնոլոգիա։ Հայաստանում խոցելի վստահության և բևեռացված դաշտի պայմաններում անգամ որակյալ հետազոտությունները կարող են կասկածի տակ դրվել, իսկ կասկածելի հրապարակումները խորացնում են անվստահությունը։
