«Լայք-կոնտրոլ»՝ Գյումրու համայնքապետարան մտնելու համար․ քաղաքացիները դժգոհում են տարբերակված վերաբերմունքից
Գյումրու համայնքապետարանում քաղաքացիների նկատմամբ տարբերակված վերաբերմունքի մասին դժգոհություններ են հնչում։ Քաղաքացիների խոսքով՝ համայնքապետարան մուտք գործելու կամ իրենց հարցերով դիմելու ընթացքում ուշադրություն է դարձվում անգամ սոցիալական ցանցերում նրանց ակտիվությանը։ Ըստ շրջանառվող դժգոհությունների՝ եթե որևէ քաղաքացի հավանել կամ դրական արձագանք է տվել քաղաքական «հակառակորդ» համարվող անձի գործունեությանը, դա կարող է խնդիրների պատճառ դառնալ։
Քննադատների համոզմամբ՝ պետական կառույցը չի կարող գործել անձնական կամ քաղաքական նախասիրությունների տրամաբանությամբ, քանի որ համայնքապետարանը պարտավոր է հավասար վերաբերմունք ցուցաբերել բոլոր քաղաքացիների նկատմամբ՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից կամ սոցիալական ցանցերում կատարած գործողություններից։
