Վաղը Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ․ պարի միջազգայի օրն է

Ապրիլի 29-ին Երևանում իրականացվող Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ժամը 14:00-ից 17:30-ը կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, փակ են լինելու Ամիրյան-Զաքյան, Արամի-Աբովյան, Արամի-Նալբանդյան, Տիգրան Մեծ-Մելիք Ադամյան խաչմերուկները, ինչպես նաև Վազգեն Սարգսյան փողոցը (Դեղատան փողոցից սկսած):

Նախարարությունից հայտնել են, որ  Պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ին, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը հանդես կգա «Արի՛, պարի՛» տոնական նախաձեռնությամբ, որի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ։
Պարի միջազգային օրվան նվիրված լայնամասշտաբ հանրային մշակութային իրադարձությունը կմիավորի շուրջ 4000 պարողների՝

  • Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող պետական պարային ստուդիաներից
  • Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միությանից
  • Հայաստանի պարարվեստի ազգային միության կազմում գործող խմբերից
  • հանրաճանաչ պարային խմբերից
  • ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից
  • ՀՀ մարզերում գործող պարային խմբերից

Միջոցառման նպատակն է հանրայնացնել հայկական պարարվեստը, ընդգծել դրա կենսունակությունն ու նշանակալիությունը, ինչպես նաև ապահովել հասարակության լայն շերտերի ակտիվ մասնակցությունն ազգային պարարվեստի ժառանգության պահպանման ու արժևորման գործում։

Պարի միջազգային օրվա միջոցառումները կանցկացվեն մայրաքաղաքի կենտրոնում․

Ժամը 16:00` Հանրապետության հրապարակում կմեկնարկի «Տոնական շուրջպար 7 շրջանով» խորագիրը կրող միջոցառումը, որը կազդարարի տոնական օրվա ծրագրի մեկնարկը:
Ժամը 18:00` Հյուսիսային պողոտայում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ԿԳՄՍ նախարարության բակում, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հարակից տարածքում միաժամանակ կմեկնարկեն պարային ֆլեշմոբեր։
Ժամը 19:00` Ազատության հրապարակում կազդարարվի տոնական օրվա միջոցառումների ավարտը:
ԿԳՄՍ նախարարությունը և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը հրավիրում են բոլորին՝ միանալու տոնին և մասնակցելու «Արի՛, պարի՛» նախաձեռնությանը՝ դառնալով հայկական պարի կրողն ու տարածողը։

Share This