Քաղաքական ուժերը պարտավոր են ցուցակների գրանցումից հետո 5 օրում բացել նախընտրական հիմնադրամ․ ԿԸՀ

Կուսակցությունները/կուսակցությունների դաշինքները ԿԸՀ-ի կողմից ընտրական ցուցակների գրանցումից հետո 5 օրվա ընթացքում պարտավոր են նախընտրական հիմնադրամ բացել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Նշվում է, որ կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններն առանձին նախընտրական հիմնադրամ ձևավորելու իրավունք չունեն:

Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը ձևավորվում է այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) կատարած վճարումներից։

Հիմնադրամները կարող են բացվել հետևյալ բանկերում՝

Արդշինբանկ ՓԲԸ

Հայէկոնոմբանկ ԲԲԸ

ԱԿԲԱ բանկ ԲԲԸ

Յունիբանկ ԲԲԸ

ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ

Ֆասթ բանկ ՓԲԸ

Ազգային ժողովի ընտրությունների պարագայում հիմնադրամից կատարված ծախսերի առավելագույն սահմանաչափն է 800 միլիոն դրամը։

Հիմնադրամից կատարվող և հայտարարագրման ենթակա պարտադիր ծախսերն են զանգվածային լրատվության միջոցներում և համացանցում տեղադրված նախընտրական քարոզչության վերաբերյալ քաղաքական գովազդները, սոցիոլոգիական հարցումները և հետազոտությունները, վստահված անձանց փոխհատուցման ծախսերը, քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման, տեղադրման և տարածման ծախսերը, ընտրական շտաբների տարածքների վարձակալության ծախսերը, մշակութային կամ մարզական միջոցառումների անցկացման ծախսերը, դահլիճների, տարածքների վարձակալության ծախսերը, տրանսպորտի վարձակալության/ բացառությամբ մինչև 7 տեղանոց մեքենաների ծախսերը։Հայտարարագրման ոչ ենթակա ծախսերն են՝ ընտրական շտաբների կոմունալ ծախսերը, տրանսպորտային միջոցների վառելիքի հետ կապված ծախսերը, նախընտրական ժողովները, ընտրողների հետ հանդիպումների և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով դահլիճների, տարածքների  կոմունալ ծախսերը։

Հայտարարագրման ենթակա ծախսերը չներառելն առաջացնում է վարչական տույժ՝ հիմնադրամի ծախսերում չներառված ծախսերի եռապատիկի չափով:

Կատարված ծախսերի սահմանաչափի գերազանցումն առաջացնում է վարչական տույժ՝ սահմանված առավելագույն չափը գերազանցող գումարի եռապատիկի չափով։

Եթե սահմանված ուղղություններով կատարված ծախսերի և  պետական բյուջե վճարվող տուգանքների  գումարն ավելին է նախընտրական հիմնադրամի առավելագույն չափի 120 տոկոսից, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա դատարանը ուժը կորցրած է ճանաչում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը։

Share This