Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները և ավագանու անդամները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները և ավագանու անդամները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

​Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմը, ավագանու անդամներն ու համայնքային ենթակայության հաստատությունների ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին Մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակին։

​ Հերհերի ձոր (Ջարդի ձոր)

Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանի, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Մալխասյանի և ավագանու «Հայաստանի Կոմունիստական կուսակցություն» խմբակցության քարտուղար Լուսինե Անանյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհվեցին Ջաջուռ գյուղից 3 կմ հեռավորության վրա գտնվող Հերհերի ձորում, որն ավելի հայտնի է Ջարդի ձոր անվամբ։

​Այս վայրը պատմական առանձնահատուկ նշանակություն ունի. այստեղ կանգնեցված հուշարձանը հավերժացնում է 1915-1920 թվականներին թուրքական ներխուժումների ժամանակ սրի քաշված ավելի քան 12․000 շիրակցիների և լոռեցիների հիշատակը։ 111 տարի է անցել 20-րդ դարի առաջին ոճրագործությունից։ Շիրակի և Լոռու մարզերից հազարավոր մարդիկ շարունակում են ուխտի գալ այստեղ՝ վերահաստատելու իրենց պահանջատիրությունը։

​ Ավետիս Առաքելյանն իր խոսքում ընդգծեց.

​«Մեր ուղերձը մեկն է՝ հիշում ենք և պահանջում արդարության վերականգնում։ Այս բարբարոսությունը, որն իրականացվեց մեր ազգի հանդեպ, հետևանք էր մեր ինքնության ու քրիստոնեական հավատքի։ Թող լույսերի մեջ հանգչեն մեր անմեղ նահատակները։ Մեր ազգն այսօր պետք է լինի առավել քան միասնական և միշտ հանդես գա պահանջատիրոջ դիրքերից։ Վստահ եմ՝ օրերից մի օր պատմական արդարությունը կհաղթանակի»։

​ Ջարդի ձորի հուշակոթողի մոտ ծաղկեպսակ էր դրվել նաև Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունից։

​ Բացի Հերհերի ձորից, Վարդան Ղուկասյանի անունից ծաղկեզամբյուղներ խոնարհվեցին նաև Գյումրու Բագրատունյաց օղակում գտնվող «Վերածնունդ» հուշակոթողի մոտ։ Քանդակագործ Ֆրիդ Սողոյանի հեղինակած այս հուշարձանը, որը խորհրդանշում է հայ ժողովրդի անկոտրում կամքն ու վերածնվելու կարողությունը, ապրիլի 24-ին դարձյալ դարձել է գյումրեցիների բազմամարդ այցելությունների կենտրոն։

​#Գյումրի #Ապրիլ24 #ՀայոցՑեղասպանություն #ՀիշումԵնքևՊահանջում #ՋարդիՁոր #Վերածնունդ #Շիրակ

Share This