Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Ապրիլի 24-ի առթիվ․ Մենք վերածնվող ժողովուրդ ենք
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ապրիլի 24-ը մեր ժողովրդի համար միայն լացի ու սգի օր չէ։ Սա մեր պատմության ամենացավոտ, բայց և ամենահերոսական էջերի վերհուշն է։ Այսօր մենք խնկարկում ենք 1,5 միլիոն անմեղ նահատակների հիշատակը, ովքեր զոհվեցին միայն այն բանի համար, որ հայ էին ու քրիստոնյա։
Գյումրին՝ որպես հայության հոգևոր ու մշակութային մայրաքաղաք, իր մաշկի վրա է զգացել գաղթի ու որբության դառնությունը։ Մեր քաղաքի ամեն մի քարը, ամեն մի փողոցը հիշում է այն որբերին, ովքեր Ալեքսանդրապոլում տուն գտան, և այն մայրերին, ովքեր իրենց աղոթքով պահեցին մեր հավատքն ու լեզուն։
«Մենք մեռանք, որ ապրենք, մենք կոտրվեցինք, որ դառնանք ավելի ամուր»։
Այսօր, նայելով մեր Սուրբ Աստվածածին «Յոթ Վերք» եկեղեցու գմբեթներին, մենք պետք է հասկանանք մեկ պարզ ճշմարտություն. մեզ հնարավոր չէ բնաջնջել, քանի դեռ մենք ունենք անսասան հավատք առ Աստված և սեր դեպի մեր սուրբ հողը։ Մեր պատասխանը աշխարհին պետք է լինի մեր հզորացող երկիրը, մեր բազմազավակ ընտանիքները և մեր չխոնարհվող տեսակը։
Իմ պատվակա՛ն համաքաղաքացիներ,
կոչ եմ անում բոլորիդ՝ այսօր մեկ մարդու պես խոնարհվելու մեր նահատակների հիշատակի առջև` քաղաքի հուշակոթողների մոտ։ Թող նրանց սուրբ հոգիները վերևից տեսնեն, որ մենք տեր ենք մեր արմատներին և մեր արդար դատին։
Գյումրին՝ իր ծանր փորձություններով, ավերակներից վեր բարձրանալու կամքով ու հպարտ ոգով, լավագույնս գիտի ցավի խորությունն ու վերածննդի արժեքը։ Մենք բազմիցս ապացուցել ենք, որ կարող ենք հաղթահարել ամենադժվար փորձությունները՝ պահպանելով մեր ինքնությունը, մեր արժանապատվությունն ու մեր հավատը վաղվա օրվա հանդեպ։
Մենք չենք հուսահատվելու, որովհետև Հայը հուսահատվել չգիտի։ Մենք վերածնվող ժողովուրդ ենք։
Թող այս օրը լինի նաև հիշեցում՝ միասնության, համախմբման և ազգային արժեհամակարգի պահպանման կարևորության մասին։ Մեր ուժը մեր միասնականության մեջ է, մեր ապագան՝ մեր պատասխանատու ու գիտակից քայլերի մեջ։
Աստված պահապան Հայոց աշխարհին։
Հավերժ հիշատակ մեր սուրբ նահատակներին
Վարդան Ղուկասյան` Գյումրու քաղաքապետ
#Ապրիլի24 #ՀայոցՑեղասպանություն #ՀավերժՀիշատակ
