Որքա՞ն գումարով է ՔՊ-ն վարձակալել մարզահամերգային համալիրը.
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Օրերս մարզահամերգային համալիրում Փաշինյանի մասնակցությամբ 2 միջոցառում էր անցկացվել։
Ապրիլի 4-ին մեծ դահլիճում տեղի ունեցավ ՔՊ համագումարը, երեկոյան, փոքր դահլիճում՝ Վարչաբենդի հանդեսը։
Մարզահամերգայինի տնօրեն Կարեն Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երկու դահլիճն էլ Փաշինյանի թիմին տրամադրվել է վարձակալությամբ։ «Փոքր դահլիճի համար վճարել են 3 մլն դրամ, մեծ դահլիճի համար՝ 5 մլն»,- ասաց նա։
Դիտարկմանը` բայց այլ քաղաքական ուժերին անհամեմատ ավելի բարձր գնով եք վարձակալության հանձնում, մեզ ասել են, որ մինչեւ 15 մլն դրամ է վարձավճարը, Ղազարյանն արձագանքեց․ «Չկա նման բան, մենք բոլոր քաղաքական ուժերին նույն պայմաններն ենք առաջարկել, «Ուժեղ Հայաստան»-ին էլ էինք նույն գնով տվել, մյուսներին էլ»։
«Հայաստան» դաշինքից մեզ ասացին, որ իրենք 6 միլիոն դրամ վճարել են փոքր դահլիճի համար, 15 միլիոն` մեծի: Նույն գներն են նշում նաեւ երաժիշտները:
Հայ երգիչներից մեկի պրոդյուսերը մեզ հայտնեց, որ փոքր դահլիճի վարձակալության գումարը կազմում է 5-6 միլիոն դրամ` կախված սեզոնից, մեծինը` 10-15 միլիոն, իսկ ֆոյեի` նախասրահի վարձակալության գները պարզել չհաջողվեց, քանի որ, բացի Փաշինյանից, այդ տարածքը ոչ մի քաղաքական ուժ չի վարձակալել»:
