Մախաչևը մեկնաբանել է Ծառուկյանի հետ գրեփլինգի կանոններով գոտեմարտելու հավանականությունը
UFC-ի կիսամիջին քաշային կարգի (մինչև 77 կգ) չեմպիոն Իսլամ Մախաչևն անդրադարձել է իր նախկին մրցակից, թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի հետ գրեփլինգի կանոններով հնարավոր գոտեմարտ անցկացնելու մասին խոսակցություններին։
Սամբոյի միջազգային կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ռուսաստանցի մարզիկը նշել է, որ թեև նման հակամարտությունը մեծ իրարանցում կառաջացներ, այս պահին մենամարտի նման ձևաչափն իրեն չի հետաքրքրում։
«Խառը մենամարտերում (MMA) մեր հանդիպումն անհամեմատ ավելի դիտարժան կլիներ, թեև գրեփլինգի գոտեմարտը նույնպես մեծ աղմուկ կբարձրացներ։ Առայժմ դա ինձ չի հետաքրքրում, չնայած բազմաթիվ առաջարկներ եմ ստացել։ Ֆինանսական բաղադրիչն ինձ համար արդեն մի քանի տարի է, ինչ երկրորդ պլան է մղվել։ Սակայն պետք է հասկանալ, որ լիարժեք մենամարտի և գրեփլինգի գոտեմարտի հոնորարները չեն կարող հավասար լինել»,- ընդգծել է Մախաչևը։
