«Մուլտի Լեոն» ՍՊԸ-ն Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել և առանց թույլտվության սեղմված գազ վաճառել․ Դատախազություն
Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել և համայնքին չի վերադարձրել շինություններն ու հողատարածքները, ըստ այդմ՝ նախաձեռնվել է քրեական վարույթ․ տեղեկացնում են Դատախազությունից։
«Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետի որոշումներով «Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությանը 2000, 2001 և 2003 թվականներին վարձակալության իրավունքով տրամադրվել է 4000 քմ, 2996.5 քմ, 5000 քմ և 800 քմ մակերեսով հողատարածքներ՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում։
Մոտ տասը տարի անց կրկին Երևանի քաղաքապետի որոշումներով՝ վերոնշյալ ինքնակամ կառույցները (հասարակական) համարվել են Երևան քաղաքի սեփականությունը, իսկ 2010 թվականի մարտի 12-ին լուծվել են վերջիններիս հետ կնքված հողի վարձակալության պայմանագրերը:
Դատախազությունը պարզել է, որ Երևան համայնքի սեփականությունը դառնալուց հետո, նշված հողատարածքները և շինությունները փաստացի չեն վերադարձվել համայնքին. «Մուլտի-Լեոն» ՍՊ ընկերությունը, առանց որևէ իրավական հիմքի, շարունակել է օգտագործել դրանք (2023 թվականի մայիսի 11-ից ընկերության սեփականատեր է հանդիսանում «Բարձրունք Գրուպ» ՍՊԸ-ն):
Ուսումնասիրության արդյունքներով դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:
Միաժամանակ, Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ «Մուլտի-Լեոն» ՍՊ ընկերության (2023 թվականի մայիսի 11-ից՝ «Բարձրունք Գրուպ» ՍՊԸ) կողմից վերոնշյալ հասցեներում գտնվող՝ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասերի ու շինությունների ինքնակամ օգտագործումը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու՝ կիրառելով պատասխանատվության միջոցներ առանց գործունեության թույլտվության սեղմված բնական գազի վաճառք իրականացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում:
