Վենեսուելայի բանակում շաբաթ օրը երդում է տվել 5600 նորակոչիկ

Վենեսուելայի բանակում շաբաթ օրը երդում է տվել 5600 նոր զինվոր, այն պայմաններում, երբ Միացյալ Նահանգները ուժեղացնում է երկրի վրա ռազմական ճնշումը, գրում է AFP-ն։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել ուժեղացնել զինծառայողների հավաքագրումը, քանի որ ԱՄՆ-ն Կարիբյան ծով է ուղարկել ռազմական նավատորմ և աշխարհի ամենամեծ ավիակիրը՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պատրվակով։

«Ոչ մի հանգամանքներում թույլ չենք տա իմպերիալիստական ուժերի ներխուժումը», – հայտարարել է գնդապետ Գաբրիել Ալեխանդրո Ռենդոն Վիլչեսը շաբաթ օրը Կարակասի Ֆուերտե Տյունայում՝ Վենեսուելայի ամենամեծ ռազմական համալիրում, կայացած արարողության ժամանակ։

Պաշտոնական տվյալներով, Վենեսուելայում կա 200 000 զինծառայող և ևս 200 000 ոստիկան։

Ամերիկյան զինված ուժերը մահաբեր հարվածներ են հասցրել առնվազն 22 նավի, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 83 մարդ։

Վաշինգտոնը մեղադրել է Մադուրոյին նարկոկարտելի ղեկավար լինելու մեջ, որն անցյալ ամիս հայտարարվել էր ահաբեկչական կազմակերպություն։
Մադուրոն, իր հերթին, պնդում է, որ ամերիկյան ներկայության նպատակն իր տապալումն է և երկրի նավթային պաշարներին տիրանալը։

Share This