Լավաշը՝ նորովի ցուցադրմամբ․ հայկական հացի պատմությունն ու դիմագիծը
Հացի և պարենի համաշխարհային օրվա առթիվ Երեմյան ընկերությունների խումբը Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցությամբ իրականացրեց «Լավաշի դիմանկարներ. հայկական հացը ֆոտոպատումներում» ցուցադրությունը, որտեղ միահյուսվել են հացթուխի վարպետությունը և լուսանկարչի հմտությունը՝ ստեղծելով լավաշի շուրջ 20 տեսակ պատկերող շարք՝ յուրաքանչյուրն իր գույնով, ձևով և պատմությամբ։ Ցուցադրության նպատակն էր այցելուներին ևս մեկ անգամ հաղորդակից դարձնել լավաշի ծանոթ և անծանոթ կողմերին, հայկական խոհանոցում և կենցաղում նրա դերին և նշանակությանը։


«Հացը հայ ժողովրդի համար սոսկ ուտեստ չէ։ Հացը խորհրդանիշ է, կյանքի հիմքը, և այն ունի ծիսապաշտամունքային առանձնահատուկ դեր մեր կյանքում։ Մենք ասում ենք աղ ու հացով դիմավորել՝ նկատի ունենալով, որ դռները բաց ու լայն սրտով ենք դիմավորում, ասում ենք աղ ու հացով մարդ՝ նկատի ունենալով առատաձեռն և հյուրասեր մարդուն։ Հացը ոչ միայն ինքնության կարևոր բաղադրիչ է, այլև նշանակալի դեր է կատարում կյանքի կարևորագույն պահերին. հացով դիմավորում են նորածիններին, լավաշով բարեկեցություն ու քաղցր կյանք են մաղթում նորապսակներին, հացով ճանապարհում են մեծերին»,-ցուցադրության բացմանն իր խոսքում նշեց Երեմյան ընկերությունների խմբի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն, գլխավոր տնօրենի տեղակալ, խմբի կառավարման խորհրդի անդամ Լուսինե Երեմյանը։

Նա ընդգծեց նաև, որ այս ցուցադրությունն ընկերությունը մեկնարկել է 2023 թվականին՝ առաջին անգամ այն ներկայացնելով Երեմյան ընկերությունների խմբի «Լավաշ» ռեստորանում և ցուցադրելով յուրաքանչյուր լավաշի դեմքը, դիմագիծը՝ պայմանավորված հացթուխով, նրա վարպետությամբ, ջերմությամբ, որը փոխանցվում է խմորին, թոնրին, հացին։

Պատահական չէ, որ հենց Երեմյան ընկերությունների խումբն է նախաձեռնել այս ցուցադրությունը։ Կանգնած լինելով Հայաստանի հյուրընկալության ոլորտի ակունքներում, վերհանելով և աշխարհին ներկայացնելով հայկական խոհանոցը, զարգացնելով գաստրոտուրիզմը, Հայաստանը դարձնելով զբոսաշրջային զարգացած ուղղություն՝ ընկերությունների խումբը ազգային մշակույթի և խոհանոցի հանդեպ բացառիկ վերաբերմունք ունի։ Այդ խոհանոցն անհնար է պատկերացնել առանց հայկական լավաշի, նրա պատմության, ավանդույթների և ծեսերի, որոնք դարձել են Երեմյան ընկերությունների խմբի հայկական ռեստորանների անբաժան մասը։

«Հայաստանի պատմության թանգարանի համար իսկապես կարևոր են նման նախաձեռնությունները, որովհետև թանգարանը, իրականացնելով իր հիմնական առաքելությունը, որն է հավաքել, պահպանել ու սերունդներին փոխանցել մեր մշակութային ժառանգության արժեքները, կարևորում է նաև դրանք կենդանի պահելու և շարունակականության միտումը»,-իր խոսում նշեց Հայաստանի պատմության թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանը։
«Աղ ու հացի դերը հայկական մշակույթում» խորագրով բանախոսությամբ հանդես եկավ նաև թանգարանի ազգագրության բաժնի գիտաշխատող Աստղիկ Իսրայելյանը։
Հացին նվիրված ծիսական երգերի կատարումներով ցուցադրությունը զարդարեց «Ակունք» ազգագրական համույթը։

«Լավաշի դիմանկարներ. հայկական հացը ֆոտոպատումներում» ցուցադրությունը երկու օր շարունակ հասանելի է Հայաստանի պատմության թանգարանի այցելուների և բոլոր զբոսաշրջիկների համար։
