Գնաց, գլուխն ազատե՞ց
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը մոտ ամիսուկես առաջ ավագանու անդամի իր մանդատից հրաժարվելու որոշում էր կայացրել։ Երեքշաբթի օրը տեղի ունեցած ավագանու նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնապես հայտարարեց նրա լիազորությունների դադարեցման մասին։ Հովհաննիսյանը մանդատը վայր է դրել, քանի որ նշանակվել է Նորք-Մարաշի թաղապետի տեղակալ։ Մեզ ասացին, որ նա Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության լավագույն անդամներից էր, ինտելեկտուալ ու մասնագիտական որակներով աչքի ընկնող անձ։ «Կարգին տղա էր, այսպես ասած՝ տղա տղա էր, հատկապես՝ որոշ «տղաների» ֆոնին, բայց երեւի գնաց՝ գլուխն ազատեց»,- ասաց Հայկին ճանաչող մեկը՝ նկատելով, որ «Իմ քայլի» առանց այդ էլ պրոբլեմատիկ խմբակցությունը զգալի կորուստ ունեցավ նրա հեռանալով։ Իսկ պատճառներն էլ, ենթադրաբար, երկուսն են՝ ավագանու անդամի սիմվոլիկ ցածր աշխատավարձը, որով չես կարող անգամ գոյատեւել, եթե այլ աշխատանք չունես, եւ այն ոչ կոմպետենտ, ոմանց դեպքում IQ-ի ցածր մակարդակով միջավայրը, որն առկա է այդ խմբակցությունում։
Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր լիազորությունները դադարեցրել էր դեռ հոկտեմբերի 21-ին եւ այդ օրվանից էլ նշանակվել ու աշխատում է Նորք-Մարաշի փոխթաղապետի պաշտոնում։ «Ոչ թե ինչ-որ խնդիր է եղել, որից ելնելով ես հիասթափություն եմ ապրել կամ չգիտեմ ինչ, նման բան չի եղել, ուղղակի քաղաքապետի հետ եմ խոսել, ու քանի որ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարն անգամ չէր փոխվել ընտրություններից հետո եւ նոր էր նշանակվել վարչական շրջանի ղեկավարը, ես հենց նրա կողմից ստացա այդ առաջարկն ու, ամեն դեպքում, համայնքին էլի օգտակար եմ լինելու, բայց արդեն՝ գործադիր մարմնում»,- ասաց նա։
– Բայց կարող էր նաեւ սոցիալական իմաստ ունենալ Ձեր հեռանալը՝ հաշվի առնելով, որ ավագանու անդամի «աշխատավարձը» շատ քիչ է։
– Ամեն դեպքում, ինձ համար գլխավորը, եկեք շեշտը դնենք նրա վրա, որ կատարվելիք աշխատանքն է՝ հանուն Երեւան համայնքի։ Առաջնահերթ դա է եղել, որովհետեւ սոցիալական հարցը, բնականաբար, բոլորիս ընտանիքներում էլ կարեւորագույն տեղ է զբաղեցնում, բայց այս պարագայում վստահորեն կարող եմ ասել, որ հարցը դրանում չի եղել։
– Իսկ Դուք այլ աշխատանք, այլ եկամտի աղբյուր ունեի՞ք։
– «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում եմ աշխատել, մի քանի ամիս՝ երեւի ամառվա շրջանում, չեմ աշխատել, դրանից հետո այնպես էր, որ գործ ես կարող էի ինձ համար գտնել մասնավոր սեկտորում, խնդիր չեմ ունեցել աշխատանք գտնելու հետ կապված։
– Ի՞նչ մասնագիտություն ունեք։
– Ես շուկայագետ եմ։
– Ավագանու նիստերը միշտ թեժ են անցնում, բախումներ են լինում փոքրաթիվ ընդդիմադիրների եւ մեծաքանակ իմքայլականների միջեւ։ Ընդհանուր առմամբ, Ձեզ այդ մթնոլորտը դո՞ւր էր գալիս, թե՞ Ձեր գլուխն ազատեցիք այդ մթնոլորտից։
– Չէ, ես գլուխս չեմ ազատել ու միշտ էլ խոսել եմ այդ մասին, որ ընդդիմությունը, բնականաբար, խոսելու համար է, իր տեսակետից թերություններ եթե նա նկատում է մեր վարած քաղաքականության կամ ինչ-որ որոշումների մեջ, բնականաբար, դրանք բարձրաձայնելու համար է, ու եթե նրանք չխոսեն, իմ կարծիքով՝ շատ վատ կլինի, անհետաքրքիր կլինի։
– Բայց քաղաքապետի կողմից այդ ընկալումը կարծես չկա, ավելի շատ ոնց որ թե հակամարտության է գնում։
– Չէ, տեսեք, արտահայտության մեջ, ձեւակերպումների մեջ միգուցե տարբեր են ընկալումները, բայց, ամեն դեպքում, ես աշխատել եմ ընդդիմադիր մեր երկու խմբակցությունների հետ էլ ու խնդիրներ չեմ տեսնում նրանց հետ աշխատելու։ Ամեն դեպքում մենք, ավագանու անդամները պետք է ջանք գործադրենք, որպեսզի ավագանու ինստիտուտն էլ ավելի կատարելագործվի, ու սկսեն ավելի մտահոգված, ավելի կոնստրուկտիվ առաջ շարժվել եւ վեր հանել խնդիրները, եւ ամենակարեւորն է՝ փնտրել լուծումներ՝ այդ խնդիրները լուծելու, ոչ թե՝ «այ, էստեղ, տեսեք, մի հողակտոր է եղել, հիմա դուք դա վերածել եք մայթի, ինչո՞ւ»։ Անկեղծ, ես պատրաստվում եմ հիմա արդեն այն բոլոր խնդիրները, որոնք ինձ հուզում են եւ որոնք կլինեն թե՛ ավագանու դաշտում լուծելի եւ թե՛ օրենսդիր մարմնին դիմելու, պարտադիր մեր բոլոր խմբակցությունների հետ էլ խորհրդակցելու եմ։
